ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՑԱԽԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԼԻԱՐԺԵՔ ՁԵՎԱՉԱՓԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ, News.am-ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։ Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում ԱՀ անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մտահոգված լինելով աշխարհում եվ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված ծանր մարտահրավերներով,

Վերահաստատելով Արցախի Հանրապետության իշխանությունների գործադիր ու օրենսդիր թևերի դիրքորոշումները Արցախի ապագայի վերաբերյալ,

Հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի ս.թ. սեպտեմբերի 19-ի ուղերձին,

Հաշվի առնելով դրան հաջորդող նոր զարգացումները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ՀՀ Վարչապետի տված հարցազրույցում հնչեցված որոշ մտքերի և տեսակետների շուրջ մեր հանրության մոտ առկա մտահոգությունները՝

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներով հայտարարում ենք.

Արձանագրում ենք, որ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդող երկամյա ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, ձեռք է բերել ազդեցիկ լծակներ և ագրեսիվ կերպով դրանք օգտագործում է իր առավելապաշտական նկրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառմամբ, հայատյացության պետական քաղաքականության ահագնացող դրսևորումներով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն այլ խախտումներով: Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ հայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտության գոյությունը և դրա համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Անառարկելի է, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ:

Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը պետք է ապահովվի թե՛ մեր սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության և թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով: Սեփական պաշտպանական հնարավորությունների բարելավումը շարունակական աշխատանք է և գտնվում է մեր մշտական ուշադրության ներքո: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը:

Արցախի Հանրապետությունը և արցախահայությունը կանգնած են Մայր Հայաստանի պետականության ու ժողովրդի կողքին բոլոր կենսական մարտահրավերների հաղթահարման հարցում, քանի որ դա են ենթադրում մեր համազգային արժեքներն ու շահերը: Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարևորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով: Այդ համատեքստում կարևորում ենք ԱՀ և ՀՀ իշխանությունների պարբերական խորհրդակցությունները թեմայի շուրջ, որոնց շրջանակներում ՀՀ վարչապետը ԱՀ նախագահին է ներկայացնում միջազգային բանակցությունների մանրամասներ, Նախագահն էլ իր հերթին՝ ԱՀ իշխանությունների դիրքորոշումները, այդ թվում՝ անհամաձայնությունները:

Անցած երեք տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և պետականակերտման գործընթացի թե՛ տրամաբանությունը, թե՛ գործնական քայլերը կառուցվում էին ինչպես համահայկական ներուժի համախմբման, այնպես էլ մեր բարեկամների ու դաշնակիցների քաղաքական աջակցությունը ճիշտ հունով ուղղորդելու միջոցով: Հաշվի առնելով անցյալի դրական փորձը՝ հայ ժողովրդին բաժին հասած դժվարին ու ծանր այս մարտահրավերների հաղթահարման լավագույն գրավականը համազգային միասնության դրսևորումն է: Մենք միշտ բարձր ենք գնահատել ողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությունը Արցախի Հանրապետությանը, առանց որի չէինք կարող արձանագրել բազում կարևոր հաջողություններ մեր պայքարում: Այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումն ու ամրապնդումը պարզապես այլընտրանք չունի: Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:

Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան համատեքստն ու մարտահրավերները՝ շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:

Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են օպերատիվ կերպով հետևել աշխարհի ու տարածաշրջանի զարգացումներին՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր իրավիճակից բխող ռիսկերի կառավարման ուղղությամբ»:

Երկուշաբթի, 3 հոկտեմբերի, 2022թ.

News.am