Համեմատությունը տեղին չէ. Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Տեր–Պետրոսյանին
Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այսպես է արձագանքել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը։
Հայտնել ենք, որ Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնած հարթակին (վեհափառի հանդիպումները Հայաստանի և Արցախի նախագահների հետ), նշել էր, որ ՀԺ–ի այսօրվա հրապարակումից հետո դրա անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։ Նա հավելել էր, որ հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից։
«Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ: Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»,–նշել են Սարգսյանի գրասենյակից:
Նշվում է նաև, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում վեհափառ հայրապետի հրավերով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպումների արդյունավետության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում:
Sputnik Արմենիա