Ֆրանսիայի և Կանադայի ԱԳՆ–ն Ադրբեջանին կոչ է արել ազատել բոլոր գերիներին

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պաշտոնապես դատապարտել է հայ ռազմագերիների գնդակահարման փաստը։

«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժների տեսանյութերը խորապես ցնցող են։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այս արարքների հետաքննության մասին Ադրբեջանի հայտարարությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»,– ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ–ն նաև Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիներին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեսանյութի շուրջ բարձրացած միջազգային աղմուկից հետո հայտարարել էր տեսանյութի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։

Բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին` անդրադառնալով հայ անզեն գերիներին ադրբեջանցի զինծառայողների կողմից գնդակահարելու դեպքին։

«Հաղորդագրություններն այն մասին, թե ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիներին, մեծապես անհանգստություն են պատճառում։ Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և տարածաշրջանում պետք է վերականգնվի կայունությունը»,–գրել է Ժոլին։

Sputnik Արմենիա