Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԸՍՏ ՆԻԿՈԼԻ «ՀԱՎԱՍՏԻ ԱՂԲՅՈՒՐԻ» Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՄՆ-Ը, ԻՐԱՆՆ ՈՒ ԵՄ-Ն ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ․ ԿԱՐԵՎՈՐԸ՝ ԻՆՔԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ՛
Նիկոլի «Հավաստի աղբյուրն» անցել է ստեղծված ծանր իրավիճակի հետ կապված ճշմարտություններն ու կիսաճշմարտությունները անանուն և սեփական մեկնաբանություններով ներկայացնելու գործելաոճին: Ակնհայտ է, որ սեփական մեկնաբանությունները նրա համար են, որպեսզի արդարացվեն «իշխանությունների» կապիտուլյանտական տրամադրությունները:
Վերջնական վերլուծություններ, հետևություններ և իրավիճակից հնարավոր լուծումների շուրջ կրկին մտորելու համար պետք է սպասել, թե ե՞րբ «հավաստի աղբյուրը» կանդրադառնա հարցին, թե ի՞նչ են ուզում նաև ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն: Ընդ որում՝ կողմերի ցանկութուններին անդրադարձի հաջորդականությունը «հավաստի աղբյուրը» պատահական չի ընտրել:
Թեկուզև Նիկոլն իր վերջին ասուլիս-հարցազրույցում ասաց, որ զենքի մատակարարությունների ուշացումը կապված չէ ՌԴ հետ, ինչը նաև վերաաստատեց պաշտոնական ՊՆ, սակայն «հավաստի աղբյուրը» հանդիսացող Նիկոլը, ինկոգնիտո հայտարարում է ՌԴ կողմից Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելու մասին: Միևնույն ժամանակ նշում է նաև, որ իբրև թե այդ պրոբլեմը եղել է նաև նախկինում՝ 2016թ. առաջ: Դա «հավաստի աղբյուրի» հավաստի սուտն է, որն ունի սեփական անկարողությունն ու իր իշխանության նկատմամբ անվստահությունն արդարացնելու, ինչպես նաև մեղքը դաշնկացի վրա բարդելու նպատակ: Սա ի միջ այլոց:
Առայժմ միջանկյալ արձանագրությում ենք, որ ստեղծված ողբերգական իրավիճակի համար մեղավոր են Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության նախագիծը, Ադրբեջանը, Թուրքիայի աճող դերը, Ռուսաստանի՝ ստատուս քվոն պահպանելու անկարողությունը, Ուկրաինայում Արևմուտքի հետ պլանավորված բախումը, Սև ծովը, Բոսֆորն ու Դարդանելը, ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին, Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտները, Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին և այլն:
Ես չեմ զարմանա, որ վերջում «հավաստի աղբյուրը» հայտարարի, որ թավշյա իշխանազավթում անելուց առաջ, այս ամենի մասին, ինքը տեղյակ չի եղել, և բոլորովին վերջերս է իմացել վերոթվարկյալ պրոբլեմների մասին: Բայց դեռ չշտապենք, և սպասենք տեսնենք թե ըստ «հավաստի աղբյուրի» ի՞նչ են ուզում ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն բազմաչարչար հայ ժողովրդից: Կարևորը՝ ինքը մեղավոր չէ՛:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ