Շինաղբից մաքրվում և ապամոնտաժվում է «Սուրմալուի» կիսաքանդ շինությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթած շենքի մասնակի փլուզումից հետո միայն առևտրի կենտրոնի տնօրինությունը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ կիսաքանդ շինության ապամոնտաժման թույլտվություն ստանալու համար։ Սեպտեմբերի 30–ին, քաղաքապետարանն այդ թույլտվությունը տվել է։ Պայթյունից մեկուկես ամիս անց առևտրի կենտրոնի տարածքում սկսվել է շինաղբի մաքրման և կիսաքանդ շինության ապամոնտաժման աշխատանքները։
«Շինաղբի մաքրման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 24–ին, իսկ շենքի քանդման աշխատանանքները՝ հոկտեմբերի 3–ից։ Աշխատանքներն ավարտին հասցնելու համար 3 ամիս է տրվել, բայց կարծում ենք՝ 40–45 օրվա ընթացքում կավարտվենք։ Առաջնահերթ քանդվում է շենքի այն հատվածը, որը փլուզման դեպքում իրենից վտանգ է ներկայացնում։ Պայթած շենքի մասնակի փլուզված հատվածը երեկ մաքրել ենք, մնացածը մասը կմաքրենք առաջիկայում, իսկ մեքենան, որ մնացել էր փլատակներում, այսօր նախատեսում ենք հանել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ստրադա» ընկերության տնօրեն Վահե Թորոսյանը։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթած շենքի տարածքն անվտանգության նորմերից ելնելով փակ է, ոստիկանները տարածքում շարունակում են հերթապահությունը։ Առևտրի կենտրոնի մյուս տաղավարներն աշխատում են, բայց առևտրականների խոսքով՝ պայթյունից հետո մարդկանց հոսքը նվազել է։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել ուժեղ պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝պահեստը շահագործող անձինք։
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած։ ԱԻՆ–ը օգոստոսի 24–ին դադարեցրել էր քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները։ Նրա մարմինը կամ էլ մասունքներն այդպես էլ չեն հայտնաբերվել։
Պայթյունից մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 21–ին, ուժեղ քամու հետևանքով փլուզվել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինության պատը։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ ՔՕ 412–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով (իրացնելու նպատակով մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը կամ այդպիսի աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, եթե այդ արարքն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել)։
Քրեական վարույթով տուժող է ճանաչվել 4 անձ։ Նրանցից երեքը փլուզման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, չորրորդ քաղաքացու էլ մեքենան է վնասվել։