Կոպիրկին․ Այն հայտարարությունները, թե ՌԴ-ն երես է թեքել ՀՀ-ից, անհիմն շահարկումներ են

Հարավային Կովկասի խաղաղ և անվտանգ զարգացումը Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն է, ուստի բոլոր այն հայտարարությունները, թե Ռուսաստանը երես է թեքել Հայաստանից, անհիմն շահարկումներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը միշտ սատարում է այն բոլոր քայլերը, պրոցեսները, որոնք կօգնեն խաղաղություն ապահովել, հող կնախապատրաստեն Հարավային Կովկասի խաղաղ և անվտանգ զարգացման համար և թույլ չեն տա, որ ուժի կիրառման դրսևորումներ լինեն։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս տարածաշրջանն ապահով լինի, ներդրում ունենա տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներում։ Ռուսաստանի համար սա շատ կարևոր է, կենսականորեն կարևոր։ ՌԴ–ն Հարավային Կովկասի հարևանն է, ուստի ցանկացած շահարկում, թե Ռուսաստանը շրջվում է տարածաշրջանից, երես թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան սպեկուլյացիա։ Ես սա պաշտոնապես եմ հայտարարում»,–ասաց Կոպիրկինը։

ՌԴ դեսպանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է։

Sputnik Արմենիա