ՊԱՐԳԵՎ՝ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՆԱՐԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օրերս հերթական անգամ միտս եկավ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովը, որին տնային կոմիտեի նախագահ Շվոնդերը նշանակեց սանմաքրման ենթաբաժնի պետ: Այս անգամ առիթը պատգամավոր Վահագն Հովակիմյանի ֆեյսբուքյան «պաշտոնական» հաղորդագրությունն էր այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իր թեկնածությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, և ինքը, կատարելով Սահմանադրության պահանջը, դիմումներ է ներկայացրել իշխող կուսակցությանն իր անդամակցումը դադարեցնելու, ինչպես նաև պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին:
Երբ պատգամավորը, որը մյուսներից ավելի շատ է անարգել Հիմնական օրենքը, քանի որ ոչ միայն պատրաստակամ սեղմել է կոճակը, քվեարկելով սահմանադրականության տեսանկյունից, մեղմ ասած, շատ կասկածելի օրինագծերի օգտին, այլև ինքն է հեղինակել դրանք, խոսում է Սահմանադրության պահանջի մասին, դա, համաձայնեք, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում։ Հենց միայն Սահմանադրական դատարանում այս իշխանության կողմից հորինված «ճգնաժամի հաղթահարման» էպոպեան ինչ ասես արժեր։ «Հայաստանի Հանրապետությունն արժանի է, որ ունենա այնպիսի ՍԴ, որի գործողությունները անվստահություն չեն առաջացնի անգամ մեկ քաղաքացու մոտ»,- 2020-ի հունվարին ճամարտակում էր Հովակիմյանը ի լուր «հպարտ» քաղաքացիների։
Հիշեցնեմ, որ դա ասվեց այն բանից հետո, երբ նախորդ տարվա գրեթե ողջ ընթացքում «հեղափոխական» իշխանությունները փորձել էին հասնել ՍԴ ղեկավարի հրաժարականին։ Սակայն չնայած նվիրած գրիչների և այլ հեքիաթների հետ կապված սկանդալներին, չնայած Հրայր Թովմասյանի գործողությունները գնահատելու համար ՍԴ դիմելուն, շինծու քրեական գործերին, պետական մակարդակով առաջարկվող կաշառքներին՝ դատարանի նախագահի աշխատավարձի չափով թոշակի տեսքով, նրանց այդպես էլ չհաջողվեց «քշել» Թովմասյանին բարձր պաշտոնից։ Եվ 2020-ի հունիսին «ճգնաժամից» ելքը վերջապես գտնվեց՝ Սահմանադրության 213-րդ հոդվածում Հովակիմյանի խզբզած փոփոխությունների տեսքով, որոնցով դադարեցվեցին ավելի քան 12 տարի աշխատած ՍԴ դատավորների, ինչպես նաև նախագահի կարգավիճակում Հրայր Թովմասյանի լիազորությունները։
Վահագն Հովակիմյանն այն ժամանակ հայտարարեց, թե այդ նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության անունից», և վերամբարձ հավելեց. «Այսօր մենք, հավանություն տալով այս նախաձեռնությանը, քվեարկում ենք երջանիկ անհատի, հոգատար հանրության և հզոր պետության օգտին»…
Իսկ թե այդ ժամանակահատվածում ղեկավարության ցանկալի արդյունքին հասնելու մոլի ձգտումով քանի կասկածելի, եթե կարելի է այդպես անվանել՝ օրինագծով է թուղթ մրոտել Հովակիմյանը... Ինքը, թե ուրիշները՝ կարևոր չէ, քանզի այդ փաստաթղթերը ներկայացվել են նրա հեղինակությամբ կամ համահեղինակությամբ։ Օրինագծեր, որոնք լույս աշխարհ էին գալիս բառացիորեն մեկ օրում, և ո՛չ ԱԺ-ում, ո՛չ ՍԴ-ում չանցնելով անհրաժեշտ ընթացակարգերը, մեկ օրում էլ ընդունվում շտապ արտահերթ ռեժիմով:
Վենետիկի հանձնաժողովի այն ժամանակվա ղեկավարին, որը նշեց գործող իշխանության կողմից ՍԴ գրեթե ողջ կազմի նշանակման անթույլատրելիությունը, Հովակիմյանը, առանց երկմտելու, մեղադրեց նախկին իշխանությանը ծախված լինելու մեջ։ Իսկ հետո նույնքան հեշտությամբ հրաժարվեց իր խոսքերից, թե իբր՝ ինքը դա նկատի չուներ։ Սահմանադրության մեջ ՍԴ դատավորներին վերաբերող ընդամենը մեկ հոդվածի փոփոխության համար հանրաքվե ձեռնարկելով, իշխանությունը, հասկանալով, որ չի կարող ստանալ ցանկալի արդյունքը, նույն Հովակիմյանի «նախաձեռնությամբ» վերցրեց ու հեշտ ու հանգիստ չեղարկեց նախագահի կողմից արդեն նշանակված քվեարկությունը,..
Իսկ քանի՜-քանի անգամ է իշխող խմբակցությունը հենց այդ պատգամավորի մատուցմամբ իր հագով վերաձևել Ընտրական օրենսգիրքը։ Չենք հոգնեցնի ընթերցողին թվարկումով, նշենք միայն այդ բարեփոխիչ կոչեցյալի համահեղինած վերջին և առավել աղմկահարույց նախագծերից մեկը։ Հենց այն, որը թույլ է տալիս վարչապետին համայնքապետերի պաշտոնակատարներ նշանակել այն խոշորացված համայնքներում, որտեղ «ավագանու լիազորություններն ստանձնելուց հետո 20 օրվա ընթացքում նիստեր չեն գումարվում, կամ այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են»։ Ինչը գործնականում նշանակում է, որ Փաշինյանն իր մարդուն է նշանակում այն խոշորացված համայնքների ղեկավար, որտեղ իշխանության կուսակցության թեկնածուն պարտություն է կրել ընտրություններում։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ, օրինակ, Վանաձորում, Քաջարանում, Վարդենիսում, Գորիսում, Բերդում հաղթած ընդդիմադիրների հետ։
Այդ փոփոխությունները վերաբերում են ՏԻՄ-ի մասին օրենքին, բայց, համաձայնեք, ամենաանմիջական կապ ունեն քաղաքացիների կամարտահայտության հետ…
Թվարկված ամենը օրենսդրությունն ու Սահմանադրությունը անարգող և, համապատասխանաբար, օրենսդրության ու Սահմանադրության տեսանկյունից անընդունելի փոփոխությունների բնավ ամբողջական ցանկը չէ, որոնք նախաձեռնվել են Հովակիմյանի անմիջական մասնակցությամբ: Օրենսդրական փոփոխություններ, որոնք վկայում են Օրենքի հանդեպ կոնկրետ մարդու քամահրալից վերաբերմունքի մասին, որն իր բոսսի քմահաճույքներերը կատարելու համար պատրաստ է նսեմացնել ցանկացած պետական ինստիտուտ, անարգել Սահմանադրությունը, գցել երկրի վարկն ու հեղինակությունը:
Եվ ահա հիմա, բառացիորեն մեկ շաբաթ անց, օրենքների հետ չափից ավելի կամայականորեն վարվող Հովակիմյանը պետք է պաշտպանի Ընտրական օրենսգիրքը՝ որպես ԿԸՀ նախագահ, որքան էլ դա անհեթեթ հնչի։ Ի դեպ, Yerevan.Today-ի մեր գործընկերները պարզել են, որ այդ պարոնը ոչ մի կերպ. ո՛չ կրթությամբ (թեև 2021-ին իրավաբանի դիպլոմ է ստացել), ո՛չ էլ պրոֆեսիոնալ փորձով ու մասնագիտական աշխատանքային ստաժով, չի համապատասխանում ԿԸՀ նախագահի թեկնածությանը օրենքով ներկայացվող պահանջներին։
Շատ բանի մասին են վկայում նաև մեկնաբանությունները, որոնք օգտատերերը թողել են հենց Հովակիմյանի ֆեյսբուքյան գրառման տակ։ Մեջբերենք դրանցից թերևս ամենապերճախոսը՝ ներկայիս իշխանության նկատմամբ միշտ բարյացակամություն ցուցաբերած «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրենի մեկնաբանությունը. «Կներես, Վահագ, շատ սխալ որոշում էր: ՔՊ-ն դրանով արդեն կասկածի տակ է դնում ապագա ԿԸՀ անկողմնակալությունն ու չեզոքությունը: Հազիվ մի ոլորտում իբր թե ժողովրդավարական առաջընթաց էր արձանագրվել...»։