Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ. ԶՈՀԻ և ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԻՋԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ԴՐԵԼ Է ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ադրբեջանցի ճիվաղների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը ադրբեջանական ահաբեկչական (թեր)պետության ոճրագործության հերթական ապացույցն է: Մինչդեռ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե «մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի նկատմամբ ռազմական հանցագործությունների մասին», ինչին հայկական կողմից հաջորդել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի պատասխանը. «Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»
Անշուշտ, չկա ավելի անբարոյական բան, քան հավասարեցնել զոհին և հանցագործին։ Սակայն պատեհ կլինի հիշեցնել, որ հենց դա ժամանակին արեց Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ 2018 թվականի հուլիսին Մոսկվայում, արդեն այն ժամանակ առաջ մղելով ագրեսորի հետ «խաղաղության օրակարգը», նա հայտարարեց իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի ընթացքում. «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։ Անդրադառնալով 2016 թվականի Ապրիլյան պատերազմին՝ Հակոբյանն ասաց. «Նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ»։
Նրանում, որ Նիկոլի կնոջ «սրտառուչ զեղումները» հարուցեցին ադրբեջանական կողմի լոկ ծաղրն ու ծիծաղը, իհարկե, զարմանալի ու անսպասելի ոչինչ չկար։ Այն, որ նրա «խաղաղ նախաձեռնությունը» փսկեց առաջին իսկ ակորդներից, նույնպես կանխատեսելի էր։ Իսկ այ հայ հասարակության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը Հակոբյանի այլասերված ու հրեշավոր ճամարտակություններին՝ իսկապես շոկ դարձավ։ Առաջիններից մեկը։
«Կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը»,- սա հայտարարեց բնավ ոչ «և՛ մեկին, և՛ մյուսին» հաճոյացող ինչ-որ օտարերկրացի դիվանագետ, ոչ էլ հարցի էությանն անծանոթ որևէ ՀԿ-ի ներկայացուցիչ, սա հնչեց Հայոց պետության առաջին տիկնոջ կարգավիճակ ունեցող ներկայացուցչի բերանից: Որը դեռևս 4 տարի առաջ, ըստ էության, հրապարակավ հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը, իր հողի վրա ազատ ապրելու և իր ապագան կառուցելու Արցախի ժողովրդի բնական իրավունքը հետհեղափոխական թորվածքի հայաստանյան իշխանության համար նշանակություն չունի։
Այն ամենը, ինչ ասել ու արել են Նիկոլ Փաշինյանն ու իր «ուսապարկերը» դրանից հետո, լիովին տեղավորվում է դեռևս 2018-ին նրա կնոջ հնչեցրած անկեղծացումների պարադիգմայում։ Իսկ Հակոբյանի այն հայտարարությունը, թե հայ և ադրբեջանցի զինվորները փաստացի ոչնչով չեն տարբերվում, ինչի՞ մասին է։ Ինչպե՞ս կարող են իրենց Հայրենիքը պաշտպանողները չտարբերվել նրանցից, ովքեր հարձակվում ու զավթում են այն։
«Ադրբեջանցիների աչքերի վախվորած ու անհանգիստ արտահայտության» համատեքստում «ԳԱ»-ն այն ժամանակ գրել է. «Կցանկանայինք խորհուրդ տալ տիկին Հակոբյանին, եթե նա տեղյակ չէ, անդրադառնալ Արցախի Հանրապետության օմբուդսմեն եղած ժամանակ Ռուբեն Մելիքյանի 2016թ. դեկտեմբերի 9-ին հրապարակած զեկույցին, որտեղ հստակ ներկայացված են Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները և միջազգային իրավունքի կոպիտ խախտման փաստերը։ ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել ԼՂՀ դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված և խոշտանգումների, մահապատժի ենթարկված կամ խեղված քաղաքացիական անձանց և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողների մասին:
«Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, պատժվել են մահվամբ, կամ նրանց մարմիններն անարգվել են: Ընդ որում, այդ հանցանքները կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են բոլոր երեք աշխարհագրական ուղղություններով`ապրիլի 2-ին Արցախի կողմի անձանց նկատմամբ հսկողություն հաստատած բոլոր ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից: Մենք սա հնչեցնում ենք որպես ահազանգ միջազգային հանրությանը»,- արձանագրել է այն ժամանակ Ռուբեն Մելիքյանը։
Ի՞նչ է փոխվել Ադրբեջանի քաղաքականության մեջ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Նույն ցուցադրական, առավելագույնս տիրաժավորվող անմարդկային խոշտանգումները, ծանակումները, հայ ռազմագերիների սպանությունը, ցանկացած քաղաքակիրթ մարդու համար միանգամայն արտառոց «ավարի զբոսայգին» Բաքվում, առաջին անձի ատելությամբ, շանտաժով ու սպառնալիքներով լեցուն ճառերը... Ի՞նչ է փոխվել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի փաստով, որը սկսվել է 2021թ. մայիսի 12-ին և շարունակվում է առ այսօր՝ հայկական ղեկավարության բացարձակ անհամարժեքության պայմաններում, որը պնդում է «խաղաղության դարաշրջանի» մասին այն ժամանակ, երբ թշնամին ռմբակոծում է բնակավայրերը Երևանից 2 ժամվա ճանապարհի հեռավորության վրա:
Թերևս միայն ի հայտ են եկել ադրբեջանական վայրագությունների փաստագրական նոր վկայություններ։ Բայց մինչ այդ էլ դրանք լիառատ էին, ներառյալ տեսանյութերը, որոնք ցուցադրում են, թե ինչպես են ադրբեջանցի երեխաների մեջ մանկուց ատելություն սերմանում հայերի հանդեպ։ Այն երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության աստիճանի, այլ կերպ լինել չի էլ կարող։
Այսօր Մարուքյանը վրդովվում է Տոյվո Կլաարի հայտարարություններից, թե անթույլատրելի է հավասարության նշան դնել ռազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև։ Իսկապես, անթույլատրելի՛ է։ Բայց ինչպե՞ս վերաբերվել այն փաստին, որ փաշինյանական իշխանությունն ինքն է 4 տարի շարունակ համառորեն փորձում միջազգային հարթակներում գործածել նույն այդ «հավասարության նշանը» իր ներկայացուցիչների շուրթերով։
Ի դեպ, այն ժամանակ՝ 2018-ի հուլիսին, Աննա Հակոբյանը հայտարարեց, թե «ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»։ Եթե մեսիջն ուղղված լիներ Ադրբեջանի ղեկավարությանը, ամեն ինչ ճիշտ կլիներ։ Բայց ախր ո՛չ. դարձյալ նույն չարաբաստիկ «հավասարության նշանը» և սեփական խոսքերի ու գործողությունների համար պատասխանատվության հանցավոր բացակայությունը։
Հետևանքներն օրինաչափ են. «աչքերի վախվորած ու անհանգիստ արտահայտությունից» զուրկ ադրբեջանցի ասկյարները վայելում են անպատժելիությունը՝ ծանակելով, խոշտանգելով ու դիմահար գնդակահարելով հայ ռազմագերիներին, իսկ հետո ծաղրով հրապարակում զարհուրելի կադրերը։ Ի՞նչ կասեք հայ մայրերին այսօր, տիկին Հակոբյան: Իսկ դո՞ւք, այն ժամանակ լռություն պահպանող պարոն Մարուքյան։