ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ․ Եթե էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում

Դիվանագիտության պատմությունը մեկօրյա կեղծիքներով ճղճղոցները չի նկատում, այդ պատմության մեջ մնում են Մադրիդյան փաստաթղթի և Ստամբուլյան փաստաթղթի նման փառահեղ հաղթանակները և, ցավոք, կմնան նաև դավաճանական՝ արդեն ստորագրված, ստորագրվելիք և բանավոր պայմանավորվածություններով կրած ողբերգական պարտությունները: Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի մեկնաբանությունում ուղղված Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին խորհրդարանում:

«Քստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում:

«Սեփական կետից» բանակցություններ վարածը և այդ բանակցությունների պատմությունն ու տրամաբանությունը իր «դրական» և «կիրթ» գործընկեր Ալիևից սերտածն ինքնամոռաց վերարտադրում էր նրա տեսակենտերը և մոտեցումները ՀՀ ԱԺ ամբիոնից: Գուցե ոգևորվել էր Ալիևին և Էրդողանին հանդիպելու սպասումից. կարծես նրանցից սերտած դասերի քննությունը հանձներ:

Արցախը բանակցություններից դուրս թողնելու, Ստամբուլյան խարտիայի և Մադրիդյան սկզբունքների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակված է, պետք է առնվազն թուրքական տեսակետներ կրող լինել՝ այդ փաստերը թրքահաճո դարձնելով՝ նենգափոխելու համար:

Վերոհիշյալ փաստերը կհրապարակենք ևս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար:

Ի դեպ, Ադրբեջանը կտրուկ մերժել է Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական:

Դիվանագիտության պատմությունը մեկօրյա կեղծիքներով ճղճղոցները չի նկատում, այդ պատմության մեջ մնում են Մադրիդյան փաստաթղթի և Ստամբուլյան փաստաթղթի նման փառահեղ հաղթանակները և, ցավոք, կմնան նաև դավաճանական՝ արդեն ստորագրված, ստորագրվելիք և բանավոր պայմանավորվածություններով կրած ողբերգական պարտությունները»,- ասել է նա:

News.am