«Հրապարակ». ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ԻՐԱՐ ՉԶԻՋԵԼՈՎ՝ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետաքրքրությունների կիզակետում կրկին Սյունիքն է։
Վերջին շաբաթվա ընթացքում երրորդ դեսպանն է այցելել։ Երեկ Սյունիքում՝ Գորիսում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն` ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ։ Նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, հետաքրքրվել սեպտեմբերյան հարձակումների հետևանքներով, այցելել տուժած ընտանիքներին։ Իսկ սեպտեմբերի 27-ին Սյունիքում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, 29-ին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Աշխարհաքաղաքական կենտրոնները ներկայացնող դեսպանները Սյունիք այցելել էին նաև այս տարվա մայիսին։
Դժվար է պատկերացնել, որ դեսպանները համաձայնեցնում են իրենց այցերը ՀՀ մարզեր, սակայն կարծես այնքան էլ պատահական չէ, որ նրանց այցերը, հատկապես` Սյունիք, պարբերաբար համընկնում են: Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ դեսպանները, թերևս, չեն ուզում մեկը մյուսին զիջել և ցուցաբերում են հետաքրքրություն Հայաստանի հարավի նկատմամբ։ Ի դեպ, սյունեցիները կատակում են, թե իրենց մարզպետը կես դրույքով արտգործնախարար է աշխատում` մշտապես ակտիվ հանդիպումների մեջ է դեսպանների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ»։