ՌԴ ԱԳՆ․ Երևանին ու Բաքվին առաջարկներ են փոխանցվել խաղաղության պայմանագրի վերաբերյալ

Խաղաղ պայմանագրի կնքման համար ՌԴ-ի համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ Ռուսաստանը համալիր աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Երևանին և Բաքվին: Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք ուղևորություններ է կատարել տարածաշրջան տվյալ թեմայի շուրջ խորհրդակցություններ անցկացնեկու համար: Մասնավորապես` սեպտեմբերին են կայացել այդպիսի այցելություններ։ Նրանք, ովքեր փորձում են կասկածել մեր դերին և խոսել մեր անգործության մասին, ինձ թվում է`ցանկալին իրականության տեղ են անցկացնում»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը զբաղվում է գործնական աշխատանքով: Եվ դա անում է ոչ թե ինչ-որ ամսաթվի կամ ինչ-որ գեղեցիկ ձևաչափի հարմարեցնելով, այլ կոնկրետ արդյունքներ ամրագրելու համար։ Դրա հետ մեկտեղ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը չի զբաղվում ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա:

«Մենք հակառակ ձևով ենք գործում՝ պատմում ենք այն մասին, ինչը հաջողվել է անել։ Հաշվի առնելով խաղաղ պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը`մենք, անկեղծ ասած, նպատակահարմար չենք համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։ Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի դիրքորոշմանը, ապա, առավել ևս, դրանք նրանց ուղղված հարցեր են։ Բայց մենք նպատակը արդյունքն է»,-ասել է Զախարովան։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նոյեմբերին Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր են կնքելու։

Sputnik Արմենիա