ՀՀ ՊՆ․ Ադրբեջանական կողմին զինծառայողների մարմիններ չեն փոխանցվել

Ադրբեջանական կողմին զինծառայողների մարմիններ չեն փոխանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում։ Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին»,– ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։

Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:

Sputnik Արմենիա