Կրեմլ․ Զելենսկու հայտարարությունը համաշխարհային պատերազմ սկսելու կոչ է
Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ըստ էության, նշանակում է համաշխարհային պատերազմ սկսելու կոչ, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, հակամարտության դեպքում հետևանքները կլինեն հրեշավոր ու անկանխատեսելի։ Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ աշխարհի բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիության անդամները, պետք է ուշադրություն դարձնեն Ուկրաինայի նախագահի հայտարարություններին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը և Լոնդոնը իրականում ղեկավարում են Կիևի գործունեությունը, նրանք պատասխանատվություն են կրում Զելենսկու խոսքերի և գործողությունների համար, ընդգծել է Պեսկովը։
«Սա նախագահ Զելենսկու այն հայտարարությունն է, որին պետք է ուշադրություն դարձնեն աշխարհի բոլոր երկրները: Զելենսկու այս հայտարարությանը հատկապես ուշադրություն պետք է դարձնեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները: Առաջին հերթին, առաջին երկուսը»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Զելենսկին, տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուիի ինստիտուտում, ասել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է «կանխարգելիչ» հարվածներ հասցնի Ռուսաստանին, այլ ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»։
News.am