Սաղաթելյան. Հայաստանը ունի ռեսուրս և բոլոր հնարավորությունները պաշտպանելու Արցախը

Հայաստանը ռեսուրս և բոլոր հնարավորությունները ունի պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը և դա ապացուցել է նախորդ 30 տարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` արձագանքելով ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի աղմկահարույց հայտարարությանը:

Նշենք,որ Աղաջանյանը ասել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։

«Նախ կարևոր է արձանագրել` ով է դա ասում, որովհետև դա խորհրդանշական է: Դա ասում է 2018 թվականի ապրիլին հերոսի պապիկ կեղծողը: Երկրորդը` Հայաստանը ռեսուրս և բոլոր հնարավորությունները ունի պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը և դա ապացուցել է նախորդ 30 տարում: Հայաստանը չունի իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը, իր հայրենակիցներին և խնդիրը հենց դրանում է, որ Հայաստանի իշխանության ղեկին գտնվում են թրքահպատակ, անսրբություն, անհայրենիք մի խունտա, ովքեր պատրաստ են ամեն ինչ զիջել թշնամուն, ունեն մեկ նպատակ` պահել իրենց իշխանությունը»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով` իշխող ուժը եկել է իշխանության կոնկրետ ծրագրով` հանձնելու հայրենիքը:

«Ես չեմ պատկերացնում որևէ հայ մարդու, որը հայտնվել է իշխանության և տնօրինում է ժողովրդի ճակատագիրը, կարող է թուրքական ազդեեցության գործակալ չլինի և նման հայտարարություն անի: Մի պարզ բան, որ ասում են` հնարավորություն և ռեսուրս չունենք, պատերազմից անցել է 2 տարի, ամեն ինչի համար գումար կա, բայց բանակի համար: 3 տարվա մեջ ռազմական ծախսերը նույնն է, որևէ ավելացում չկա, իսկ դրան զուգահեռ ոստիկանության վրա ծախսվող գումարները 3 տարի առաջա ավելացրել են 40 միլիարդով: Այսինքն` ռեսուրսներ կան, բայց հայրենիքը պաշտպանող չկա: Կամ եթե իրենք փաստում են այդ ամեն ինչը, ինչի՞ են մնում իշխանության»,- հավելեց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գնահատականի և առաջիկա անելիքների մասին հանդես կգա հայտարարությամբ: