ԵՄ-Ն ԵՎ ՌԴ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2 ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Ներկայումս ԵՄ-ն և Ռուսաստանը առաջ են մղում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց հայեցակարգերը։ «Կոմերսանտի» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցային գործընթացում կա խաղաղ կարգավորման երկու մոտեցում.
«Ռուսական կողմի առաջարկած նախագծի համաձայն` նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների լուծումը, բացի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելու հարցից, որը բաց է մնում։ Չճանաչված հանրապետության կարգավիճակը որոշելու թեման արտացոլված է համաձայնագրի ռուսերեն տարբերակի 15-րդ կետում, որը հակամարտող կողմերին ներկայացրել է Իգոր Խովաևը։ Հայաստանի իշխանությունները ռուսական տարբերակին իրենց համաձայնությունն են տվել, սակայն Ադրբեջանը մերժել է այն, քանի որ Բաքուն ղարաբաղյան խնդիրը համարում է լուծված, և նրանք չեն ցանկանում վերադառնալ կարգավիճակի հարցին։
Այնուհետև պաշտոնական Մոսկվան, ըստ «Կոմերսանտ»-ի, թարմացրել է պայմանագրի իր նախագիծը և այժմ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը առաջարկվում է բարձրացնել ոչ թե բուն փաստաթղթում, այլ դրան կից լրացուցիչ արձանագրություններում։ Դեռևս հայտնի չէ, թե սրան ինչպես են արձագանքել Երևանն ու Բաքուն։
Եվրոպական բանաձևը, ըստ աղբյուրների, ավելի ընդգրկուն է և որևէ կերպ չի ազդում Ղարաբաղի կարգավիճակի վրա։ Բրյուսելը կողմ է Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն հաստատելուն՝ առաջարկելով որոշ մեխանիզմներ՝ միջազգային խաղացողներին այս երկխոսությանը ներգրավելու համար։ Սակայն պարզ չէ, թե իրականում ինչպես դա տեղի կունենա Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման և Ռուսաստանի հետ կոշտ դիմակայության պայմաններում։
«Վստահ եմ, որ, եթե Եվրամիության հովանու ներքո իսկապես խաղաղության պայմանագիր կնքվի, ապա դա միայն հաղթանակի տպավորություն կլինի», - ասում է ԻՄԵՄՕ ՌԱՍ-ի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը: Սակայն, ինչպես նշել է մասնագետը, ամենահետաքրքիրը կսկսվի ավելի ուշ, քանի որ սահմանների հստակեցումը ոչ պակաս վիճելի հարց է, քան նույնիսկ Ղարաբաղի կարգավիճակը։ Առանց Ռուսաստանի սահմանազատումը հնարավոր չի լինի, քանի որ հենց նրա գլխավոր շտաբում են պահվում տարածաշրջանի խորհրդային քարտեզները։ Ըստ փորձագետի՝ «եթե Ադրբեջանի գործողություններում գոնե ինչ-որ տրամաբանություն կա, ապա Հայաստանն ուղղակի վնասում է ինքն իրեն՝ նետվելով մի բանակցային սեղանից մյուսը»:
«Եթե իրադարձությունները զարգանային մեկ դիվանագիտական հունով, ապա Երևանի համար պայմանները կարող էին շատ ավելի բարենպաստ լինել»,- վստահաբար ասել է Պրիտչինը։