Ալեն Սիմոնյան․ ՀԱՊԿ-ը չի կարողացել օպերատիվ և արդյունավետ արձագանքել

ՀԱՊԿ-ըչի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի, միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման և տարածաշրջանում կայունության հաստատման գործում:

«Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում է»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօրվանից եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։

Ալեն Սիմոնյան ու Վյաչեսլավ Վոլոդինն ընդլայնված կազմով հանդիպումից առաջ ունեցել են առանձնազրույց, որը տևել է մոտ մեկ ժամ։

Sputnik Արմենիա