Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՇԵՄԸ, ՈՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԷՐ

Իրավիճակը հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տիրող իրավիճակը, որը ողբերգական ավարտ ունեցավ հայ ժողովրդի համար։ Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նշեց, որ այսօր արդեն ակտիվորեն խոսում են միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին, որն օգտագործվում է վերջին հերթին։ Դանիելյանը հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսիի Հայաստան կատարած այցի ժամանակ նա հայտարարություն է արել, որ աշխարհում ժողովրդավարության և ավտորիտար երկրների միջև առճակատում կա երեք կարևոր կետերում՝ Ուկրաինայում, Թայվանում և Հայաստանում։

Նրա խոսքով, ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները 2018-ին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը գնահատում են որպես աշխարհաքաղաքական փոփոխություն, հետո 44-օրյա պատերազմ էր, հիմա էլ քարոզվում է, որ Ռուսաստանը պետք է հեռանա տարածաշրջանից։

«Եթե չկան ընդունված սահմաններ, չի կարող լինել հաստատված աշխարհակարգ։ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա՝ նկատի ունենալով իբր սահմանի բացակայությունը: Ռուսաստանը որպես իր տարածք ճանաչել է Ուկրաինայի չորս շրջանները: Որտեղո՞վ է անցնում Կիպրոսի սահմանը՝ հաշվի առնելով Հյուսիսային Կիպրոսի խնդիրը։ Կղզիների հետ կապված խնդիր կա նաև Թուրքիայի և Հունաստանի միջև և այլն»,- եզրափակեց փորձագետը։

News.am