ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԳԵՐԻՆԵՐ ՉՎԵՐՑՆԵ՞Լ
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը հնչեցրեց մի քանի կարևոր հայտարարություններ, որոնցից մեկը հիրավի ցնցող էր։ «Մխրճումներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։ Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ։ Մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն, և ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ»,- հաղորդեց նա՝ ասես ոչինչ չի պատահել։
Այսինքն ագրեսիայի ակտ կատարած և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած թշնամական ստորաբաժանումների խմբերը շրջապատվել են մեր զինված ուժերի կողմից, բայց նրանց ոչնչացնելու կամ գերի վերցնելու մտադրություն չկա։ Գլխավոր շտաբը որոշում է համբերատար սպասել, մինչև որ մատակարարման ուղիներից զրկված այդ խմբերն իրենք ստիպված կլքեն տարածքը։ Ընդգծեմ, որ խոսքը թշնամիների մասին է, որոնք մեր երկիր են ներխուժել մեր զինվորներին ու խաղաղ բնակիչներին սպանելու, Հայաստանի քաղաքացիներին հարազատ տնից ու հայրենի հողից վռնդելու նպատակով, թշնամիներ, որոնք բռնազավթել ու բնակռել են ՀՀ տարածքում և նախադրյալներ են ստեղծում այն վերջնականապես զավթելու ու առաջ շարժվելու համար։
Ի դեպ, հարց պարոն Ասրյանին. ինքը վստա՞հ է, որ այդ խմբերի մեջ չի եղել «Կոմանդոս» ջոկատը, որի անդամները գնդակահարում էին 18-20 տարեկան հայ զինվորներին նույն այն զարհուրելի տեսանյութում, որի մասին ՀՀ իշխանություններն արդեն բարեհաջող կերպով մոռացել են «խաղաղ» մղումների մոլուցքով բռնված։
Այդ ժամանակից ի վեր անցել է գրեթե մեկ ամիս, իսկ գլխավոր շտաբի պետն այդպես էլ չի հայտնել հանրությանը. հեռացել են արդյոք Հայաստանի տարածքից այդ խմբերը, թե՞ դեռ մնում են զավթած դիրքերում։ Իսկ գուցե նրանց շրջապատած հայկական ստորաբաժանումները Երևանից ստացած հրամանով իրե՞նք են սննդի ու ջրի պաշարներ գցում նրանց կամ մաքրում մատակարարման ուղիները։ Նման ենթադրությունները Ասրյանի ասածի և Փաշինյանի կառավարության թուրքամետ քաղաքականության խորապատկերին, համաձայնեք, ամենևին էլ անհեթեթ չեն թվում։
Հոկտեմբերի 4-ին «Ժողովուրդ» թերթը տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու համար. հեռացել է այդ խումբը, թե ոչ, սակայն պատասխան չի ստացել։ Պարբերականը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրեց, որ ադրբեջանցիների զինված խմբին օրերս հաջողվել է անարգել վերադառնալ տուն։ «Ի վերջո, կարող էինք նրանց ևս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է անարգել հետ վերադառնան իրենց երկիր: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական հանցագործություն»,- ասվում էր հրապարակման մեջ։
ՊՆ-ից ոչ մի հերքում չհաջորդեց, ուստի բոլոր հիմքերը կան համարելու, որ հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը. ադրբեջանական ահաբեկչական խմբին թույլ են տվել անարգել հեռանալ: Նման գործողությունները, հատկապես եթե հաշվի առնենք Ադրբեջանում մոտ 80, եթե ոչ ավելի, հայ գերիների առկայությունը, իսկապես դժվար է անվանել որևէ այլ կերպ, քան պետական հանցագործություն։ Իսկ հետադարձ հայացքը թույլ է տալիս հավաստել, որ սա ամենևին էլ եզակի հանցագործություն չէ. 44-օրյա պատերազմին հաջորդած 2 տարիների ընթացքում տասնյակներով գերեվարվում են բացառապես հայ զինծառայողներ, թեև այդ ժամանակահատվածում ռազմական գործողություններն ընթացել են հիմնականում Հայաստանի տարածքում։ Ավելին, ադրբեջանցիների գերեվարման մասին հազվադեպ հաղորդագրություններին գրեթե անմիջապես հաջորդել է նրանց անհապաղ ազատ արձակելու մասին տեղեկատվությունը։
Այսպես, 2021 թվականի դեկտեմբերի 19-ին ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին Ջերմուկի մերձակայքում երկու ադրբեջանցիների գերեվարման մասին: Այդ լուրն առաջինը հաղորդեց հայտնի ակտիվիստ Միկա Բադալյանը իր ՏԳ-ալիքում, այնուհետ գրեց Փաշինյանի «արտախորհրդարանական ընդդիմության» ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։ Ընդ որում նշվում էր, որ գերիներից մեկը կապիտանի կոչում ունի։ Ավելի ուշ հաղորդագրություն հայտնվեց, որ նրանց տեղափոխել են Երևան։ Իսկ ևս երկու օր անց նրանց լուռումունջ վերադարձրեցին Ադրբեջանին, և քանի որ պատմությունն արդեն հրապարակված էր, պաշտպանության նախարարությունը ստիպված եղավ հանդես գալ համապատասխան հաղորդագրությամբ։
Անցավ գրեթե մեկուկես ամիս, և 2022թ. փետրվարի 1-ին մամուլում հայտնվեց հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք ձերբակալվել էին 2022 թվականի հունվարի 30-ին ՀՀ ԱԱԾ կողմից՝ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում»: Եվ կրկին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռում էր, մինչդեռ ադրբեջենցիները գերեվարվել էին Հայաստանի տարածքում, բայց հետո, չգիտես ինչու, հանձնվել խաղաղապահ ուժերին՝ Ադրբեջանին վերադարձնելու համար։ Եվ եթե չլիներ ՌԽԶ հաղորդագրությունը, ոչ ոք այդ մասին չէր էլ իմանա…
Ուշադրություն դարձրեք. երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո, ինչից կարելի է եզրակացնել, որ այն ժամանակ հայկական ստորաբաժանումները դեռ գերեվարում էին ադրբեջանցիներին, սակայն Երևանից ստացած հրամանով՝ անմիջապես բաց թողնում նրանց: Եվ դա այն ժամանակ, երբ ադրբեջանական բանտերում դժոխային տանջանքների ենթարկվող դեռ հարյուրավոր հայ գերիներ կային։ Եվ չնայած այն հանգամանքին, որ նույն ժամանակահատվածում՝ 2020թ. դեկտեմբերի 11-12-ին, Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի շրջանում տեղի ունեցած մարտական բախումների արդյունքում գերեվարվել էր 62 հայ զինծառայող։ ՀՀ իշխանությունները չեն էլ մտածել փոխանակման մասին, գրեթե անմիջապես վերադարձնելով գերեվարված թշնամիներին։
Մենք հիշատակեցինք միայն երկու դեպք, համացանցում, անշուշտ, կարելի է տեղեկատվություն գտնել նաև մյուսների մասին: Թե քանի անգամ է Փաշինյանի կառավարությանը հաջողվել խուսափել հրապարակայնությունից և գաղտագողի Բաքվին վերադարձնել գերեվարված ադրբեջանցիներին, մնում է միայն կռահել։ Ջերմուկի այս դեպքը, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բաց տեքստով հայտարարում է շրջապատման մեջ ընկած ագրեսորների մի ամբողջ խմբի և նրանց գերեվարելու հնարավորության մասին, իսկ հետո նրանց թույլ են տալիս հանգիստ հեռանալ, այդ իմաստով աննախադեպ է։ Իշխանություններն արդեն չեն էլ թաքցնում, որ մտադիր չեն գերել թշնամու զինվորներին, նույնիսկ եթե դրա համար առավել քան հարմար հնարավորություն է ստեղծվում։ Դրանով իսկ յուրօրինակ ազդանշան հղելով ադրբեջանցի զինվորականներին, որ ՀՀ տարածքում գործեն վստահ և չվախենան գերության մեջ հայտնվելու հնարավորությունից։ Ասել է թե՝ իսկ եթե հանկարծ գերեվարվեք, կասկած անգամ չունենաք, որ ձեզ մատով անգամ չենք դիպչի և անմիջապես սուսուփուս բաց կթողնենք...
Մի շարք փորձագետներ վաղուց հանգել են այն եզրակացության, որ հայ զինվորականներին գաղտնի կարգով արգելված է գերի վերցնել ադրբեջանցիներին, իսկ գերեվարման հատուկենտ դեպքերում հրամայված է անհապաղ վերադարձնել նրանց։ Կցկտուր պատճառաբանությունը, թե իբր՝ իրենք էլ մեր «մոլորված զինվորներին» են բաց թողնում, ոչ միայն անհեթեթ է, այլև չի համապատասխանում իրականությանը. «իրենք» ոչ միշտ և ոչ բոլորին են բաց թողնում։ Եվ խոսքը ոչ թե մոլորվածների, այլ առաջին հերթին մարտական գործողությունների մասնակիցների մասին է, որոնք սահմանի վրա դարձել են սովորական, գրեթե ամենօրյա երևույթ, ժամանակ առ ժամանակ վերաճելով արյունահեղ մարտերի, ինչպես դա եղավ սեպտեմբերի 13-ին։ Հիշեցնեմ, որ պաշտոնական տվյալներով այդ ժամանակ գերի է ընկել 20 հայ զինվոր։ Ադրբեջանի կողմից գերիներ արդեն որերորդ անգամ չեն եղել կամ նրանց մասին չի հաղորդվել։
Ասված ամենի խորապատկերին, Ջերմուկում տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ից որևէ բացատրության բացակայության պայմաններում այնքան էլ անհեթեթ չի թվա նաև մեկ այլ զազրելի միտք. հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ իշխանությունները որոշ դեպքերում իրենք են հուշում թշնամուն, թե որտեղ և ինչպես կարելի է գերի վերցնել հայ զինվորներին։ Դե, ինչ-որ բանի համար նրանք պետք կգան Ալիևին…