Ստեփանակերտը վերահաստատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը

Ստեփանակերտը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում։

Այսօր «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկին հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ բացարձակ ճշմարտություն համարելով Ադրբեջանի ձևավորումից ի վեր (1918 թ.) Բաքվի հակահայ պետական քաղաքականությունը, որի հիմքում, ըստ Արցախի ԱԺ նախագահի, եղել և շարունակում է մնալ հայ ինքնության և մշակութային արժեքների ոչնչացումը։

Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը որակելով մարտահրավեր ողջ քաղաքակիրթ մարդկությանը՝ Թովմասյանը Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը համարեց միջազգային հանրության դատապարտումն ու միջազգային հանրության և կառույցների ուշադրության հրավիրումը Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ Բաքվի անհանդուրժողականության դրսևորումներին։

Արցախի ԱԺ նախագահը կոչ արեց անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը:

«Հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները», - հայտարարեց Թովմասյանը՝ շեշտելով - «Ապրելով իր սրբացած հողում ՝ մեր ժողովուրդն աշխարհին ապացուցում է, որ Արցախը կա, ապրում է՝ պայքարելով իր երկրում ապրելու, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության իրավունքների համար»։

Azatutyun.am