Եռաբլուրում բերման ենթարկելու գործով 16 ծնող տուժող է ճանաչվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող է ճանաչվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` քործն ակտիվ քննչական փուլում է։

«Ծնողներն են հարցաքննվում, տուժող են ճանաչվում։ Մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում անձ չկա»,–ասաց փաստաբանը և հավելեց, որ բոլոր ծնողները պետք է հարցաքննվեն, ապա նաև ոստիկանները։

Այնուհետև ծնողների և ոստիկանների միջև պետք է առերեսում տեղի ունենա, ինչից հետո իրավական գնահատական կտրվի։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։