Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավար․ Արևմուտքը դիտարկում է մարտավարական միջուկային զենք կիրառելու տարբերակը

Արևմուտքը դիտարկում է մարտավարական միջուկային զենք կիրառելու տարբերակը, դրա համար հարևան երկրների տարածքում որոշակի ռազմական ենթակառուցվածքներ են պատրաստվում՝ երկարաժամկետ ծրագրերի հաշվարկով։ Այս մասին «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելը։

«Միևնույն ժամանակ, այստեղ խաղադրույքները բարձրանում են, քանի որ Արևմուտքը, մեր տվյալներով, որոնք ստանում ենք արևմտյան ռազմաքաղաքական շրջանակներից, կարծում է, որ ոչ մի դեպքում չպետք է պարտվի։ Ուստի քննարկվում է մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը կամ այն խմբավորումների կիրառումը, որոնք ստեղծված են մեր երկրի և մեր դաշնակիցների դեմ ուղղակի ագրեսիայի համար»,- ասել է Տերտելը։

«Այլ սցենարներ ևս կան։ Դրանք նախատեսում են, ի թիվս այլ բաների, մեր տարածքում մի շարք ահաբեկչական հարձակումների նախապատրաստում՝ հաշվի առնելով այն փաստը, որ մենք ստեղծում ենք զորքերի համատեղ խմբավորում Ռուսաստանի Դաշնության հետ։ Երկաթուղու վրա ահաբեկչական գործողություններ կատարելը, մեր և մեր դաշնակիցների ռազմական կազմավորումների շարժման ճանապարհին ահաբեկչական գործողություններ կատարելը։ Որոշ սոցիալական ցանցերում արդեն կոչեր կան։ Մենք գիտենք, թե ով է կանգնած սրա հետևում։ Մենք գիտենք, որ օտարերկրյա հետախուզական ծառայությունները փորձում են հեռու մնալ դրանից՝ իրականում օգնելով կազմակերպիչներին Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի տարածքում։ Մենք առայժմ այնտեղ Լատվիային չենք տեսնում։ Ստեղծվում են ահաբեկչական խմբավորումներ, որոնց անմիջականորեն աջակցում են այդ պետությունների հատուկ ծառայությունները։ Բայց մենք հստակ հասկանում ենք և գիտենք, որ ԿՀՎ-ն և մյուս ավելի հզոր հատուկ ծառայությունները, որոնք կանգնած են արբանյակ-երկրների հետախուզական ծառայությունների հետևում, տիրապետում և ուղղորդում են այս իրավիճակը, ֆինանսավորում դրանք»,- ասել է նա։

News.am