Իրանի նախկին արտգործնախարար․ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև
Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է միջազգային հարցերով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։
«Այո, իհարկե», – պատասխանել է Վելայաթին այն հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։
Նա նշել է, որ Իրանին մոտ գտնվող տարբեր տարածաշրջանների թվում առանձնակի նշանակություն ունի Անդրկովկասը։ «Այդ իսկ պատճառով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում», – ընդգծել է Վելայաթին։
Ըստ նրա` երկրների միջև խաղաղության հաստատման կարևորագույն գործոններից մեկը համընդհանուր, բոլորին հայտնի պատմական սահմանների պահպանումն է։
«Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում լարվածության աճ է առաջացնում այդ տարածաշրջանում և լոկալ պատերազմներ հրահրում, որոնց առաջին հետևանքը սադրիչ երկրների ներկայությունն է, օրինակ` ԱՄՆ–ի և Իսրայելի, որոնք հրադադարի հաստատման պատրվակով օգտագործում են իրավիճակն իրենց օգտին», – հավելել է Իրանի նախկին արտգործնախարարը։
Sputnik Արմենիա