ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ «ԱԹԵՆԱՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՄԱՏՈՒՑԻ

Սահմանապահ Չինարիում ստոմատոլոգիական խնդիրները լուծում են ոչ ավանդական բժշկության մեթոդներով կամ մասնավոր ծառայությունից օգտվելով: Գյուղի բուժկետում համապատասխան ծառայություն չկա: Մի փոքրիկ սենյակում, ավելի քան 40 տարի առաջ տեղադրված, տեխնիկապես ոչ կիրառելի ատամնաբուժական աթոռ կա: Այն վերջին անգամ շահագործվել է երկու տարի առաջ՝ հուլիսյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, կամավորական սկզբունքով Չինարի ժամանած երիտասարդ մասնագետների այցի շնորհիվ: Չինարիում մասնավոր ծառայությունից օգտվել կարող են հաշված մարդիկ, իսկ շուրջ 35 կիլոմետր հաղթահարել, Բերդ մեկնելն ու վերադառնալը հարմար չէ:

«Ավելի քան քառասուն տարի բուժքույր եմ աշխատում Չինարիում: Եվ որքան հիշում եմ՝ ատամնաբուժական այս գործիքը նույնն է: Նորը գնելու հնարավորություն հավանաբար չի եղել: Սահմանին ապրող մարդիկ ապրում են մշտական վախի ու սթրեսի մեջ: Ատամնաբուժական կլինիկա չկա: Ժողովուրդը ստիպված՝ Բերդ է մեկնում: Այստեղ խիստ անհրաժեշտ է ատամնաբուժական կաբինետ», - ասում է գյուղի բուժքույր Լարիս Ծերունյանը:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Չինարիում ատամնաբուժական ծառայությունների պիլոտային ծրագրի մեկնարկ է տրվել: «Աթենաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները շրջայցով եղել են գյուղում և գնահատել կարիքները: Գործընկերների նպատակը սահմանին ապրողների կողքին լինելն է: Անհրաժեշտ նոր սարքավորումներ և նոր աթոռ տեղադրելուց հետո, Չինարիում ատամնաբուժական անվճար ծառայություն կմատուցվի:

«Սթրեսի ժամանակ տարբեր խնդիրներ են առաջանում: Դրանցից մեկն ատամների խնդիրն է. մարդիկ կարող են նույնիսկ կորցնել ատամները: Սահմանին ապրողների շրջանում մեծ է սթրեսի ենթարկվելու ռիսկը: Այդ իսկ պատճառով, ծրագրի իրականացման համար ընտրվել է սահմանապահ գյուղ: Այստեղ ապրողները պետք է իմանան, որ իրենք մենակ չեն և որ իրենց թիկունքում կանգնած են մարդիկ, որոնք պատրաստ են օգնել: Ոչ ոք մեզ չի օգնի, եթե մենք ինքներս պատրաստ չլինենք օգնել մեզ»,- ասել է «Աթենաս» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Հրաչյա Գրիգորյանը:

Պիլոտային ծրագիրն իրականացնող գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Աթենաս» բարեգործական հիմնադրամի նկատմամբ գյուղում արդեն իսկ վստահություն է ձևավորվել: Չինարիում Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը հասցրել են գնահատել ոչ միայն որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն, այլև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող կառույց: Իսկ «Աթենաս»-ի դրսևորած մարդասիրությունը տեսել են երկու տարի առաջ:

«Այստեղ ոչ թե ավարտվում, այլ այստեղից է սկսվում Հայաստանը: Չինարին գտնվում է շրջկենտրոնից բավականին մեծ հեռավորության վրա: Բուժում ստանալու համար 35 կմ գնալ և վերադառնալը հարմար չէ: Անգամ կան մարդիկ, ովքեր բուժում ստանալու հնարավորություն չունեն՝ անվճարունակ են: Այս ծրագիրը թույլ կտա թեթևացնել այդ բեռը»,- ասել է Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը:

«Աթենաս»-ի մասնագետների հաջորդ հերթական շրջայցը Չինարիում կլինի առավել առարկայական: Ընթացիկ տարում, գործընկեր կազմակերպությունները նախատեսել են ատամնաբուժական անվճար ծառայություն մատուցել Տավուշի մարզի երկու գյուղում: Հաջորդ գյուղը կընտրվի մեկ այլ շրջայցով՝ կարիքների գնահատման փուլից հետո: Պիլոտային ծրագրի համար, Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է 5 միլիոն դրամ:

Галерея (4 фото)

Основная тема:
Теги: