Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ԼՈՒՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՖՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՂՔԱՏԱՆԱԼ
Այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական աճը կազմել է 13,9 տոկոս՝ չնայած նրան, որ բնակչությունը շարունակում է աղքատանալ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ տնտեսական հարցերի գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանը։
Նա նշեց, որ տնտեսական աճը բաշխվում է անարդար կերպով, ինչը հանգեցնում է բնակչության կենսամակարդակի նվազեցմանը։
Փորձագետը նշեց, որ միջին աշխատավարձն աճել է 17-18 տոկոսով, իսկ պետական հատվածում՝ ընդամենը 4-5 տոկոսով (այստեղ է աշխատում երկրի բոլոր աշխատողների 30 տոկոսը), մինչդեռ պարենային ապրանքները թանկացել են 14 տոկոսով, այսինքն՝ աղքատության մակարդակն աճում է.
Նա պարզաբանեց, որ բարձր տնտեսական աճը, որը, ինչպես տարեսկզբին կանխատեսում էր կառավարությունը, պետք է կազմեր 7 տոկոս, այժմ 11-12 տոկոս է՝ պայմանավորված ռուսաստանցի զբոսաշրջիկների զգալի հոսքով, ինչպես նաև 80-90 տոկոս մակարդակով արտահանման աճով, ինչն իր հերթին պայմանավորված է մետաղների թանկացմամբ, ինչպես նաև Ռուսաստանում պատժամիջոցների տակ հայտնված և Ռուսաստան արտահանվող ապրանքների վերաարտահանմամբ, այդ թվում՝ Հայաստանի միջով տարանցմամբ։
«Առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 290 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ, որոնց մի մասը մնացել է այստեղ և հավելյալ պահանջարկ է ստեղծել անշարժ գույքի, ֆինանսական համակարգի և սննդի ոլորտում։ 2022 թվականի առաջին 8 ամիսներին դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքը կազմել է 2,5 միլիարդ դոլար։ Ռուսաստանից, որտեղից գալիս է հիմնական հոսքը, տրանսֆերտների ծավալն աճել է մոտ 3 անգամ։ Միաժամանակ տեղի է ունենում նաև կապիտալի արտահոսք և բնակչության արտագաղթ։ ԱՄՆ մեկնող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի միջինում իր հետ վերցնում է 25-30 հազար դոլար»,-ընդգծեց Պարսյանը։
Նա նշեց, որ ռուսաստանցիների հոսքը հանգեցրել է բնակարանների վարձակալության գների կրկնակի բարձրացման՝ սրելով տեղի բնակչության սոցիալական խնդիրները, որոնց եկամուտները նույն համամասնությամբ չեն աճում։ «Շինարարական բումն ավելի է սրվել, և անշարժ գույքի գները թանկացել են 15-20 տոկոսով։ Բանկային հատվածում աճը կազմել է 20 տոկոս, բանկերի զուտ շահույթի չափը առաջին կիսամյակում եռապատկվել է»,-ընդգծեց տնտեսագետը։
Նա վստահություն հայտնեց, որ ռուսաստանցիների և ռուսական կապիտալի ներհոսքի ավարտով ներկայիս իրավիճակը կտրուկ կփոխվի և լուրջ խնդիրներ կառաջանան։
Այս տարի ինֆլյացիայի ցուցանիշների աճը փորձագետն աննախադեպ անվանեց՝ հաշվի առնելով, որ առաջին 9 ամիսներին այն կազմել է 8,6 տոկոս։ «Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պարենային ապրանքները թանկացել են 13,7 տոկոսով։ Ընդ որում, բնակչության եկամուտները նույն համամասնությամբ չեն աճում։ Պարենային ապրանքների գների աճի վրա ազդել է գյուղատնտեսական արտադրանքի 5,5 տոկոս անկումը, անասնապահությունը կրճատվել է 3,3 տոկոսով, բուսաբուծությունը՝ 8, 8 տոկոսով։ Պահանջարկի աճ կա նաև Ռուսաստանից քաղաքացիների հոսքի պատճառով։ Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը՝ չնայած վերջին տարիներին 45 միլիարդ դրամի ներհոսքերին, ձախողել է գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ներգրավված է երկրի բոլոր աշխատողների 1/3-ը»,-ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը, որն անընդհատ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չի կարողանում զսպել ինֆլյացիան։ «Այս տեմպերով նույնիսկ 8,6 տոկոսը հնարավոր չի լինի պահպանել։ Ռուսաստանցիների ներհոսքն էլ ավելի կնպաստի ինֆլյացիայի տեմպի աճին, որը դոլարային արտահայտությամբ կազմում է առնվազն 15-20 տոկոս»,- հավելեց նա։
Ըստ Սուրեն Պարսյանի՝ 60-70 հազարով աշխատատեղերի ավելացումը պայմանավորված է որոշ չգրանցված աշխատակիցների՝ «ստվերից» դուրս գալով և ռուսաստանցիների հոսքով։