ԿԱՏԱՐՅԱԼ ՍԻՆՔՐՈՆՈՒԹՅՈՒՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ «ՍԽԱԼ» ՍՓՅՈՒՌՔԻ

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ստրասբուրգում ելույթ ունենալով իր հայրենակիցների առջև, կոչ է արել նրանց սկսել պայքարել Ֆրանսիայի հայկական համայնքի այն հատվածի դեմ, որը «թշնամաբար է վերաբերվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»: «Ֆրանսիայում, որտեղ բնակվում է 800 000 թուրք, մենք կարող ենք ավելի ազդեցիկ լինել քաղաքականության և լոբբիստական գործունեության մեջ»,- հայտարարել է նա:

«Հայկական ալիք» կայքը ներկայացնում է Չավուշօղլուի ելույթի տեքստն ավելի մանրամասնորեն. «Երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, պետք է ևս մեկ անգամ ցույց տանք այս միասնությունը։ ԱՄՆ-ում հիմնեցինք Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե։ Հայկական սփյուռքի՝ մեր երկրին ուղղված զրպարտությունների դեմ շատ արդյունավետ աշխատանքներ սկսեցինք։ Հնարավոր ամեն ինչ անելու ենք Եվրոպայում նույնպես այս կազմակերպվածությունը ուժեղացնելու նպատակով։

Ցավոք, այստեղ էլ (Ֆրանսիայում-Մ.Գ.) հայկական սփյուռք կա, և այդ սփյուռքի մի մասը բարյացակամ չէ։ Նրանք դեմ են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Լավ հարաբերությունների հաստատմանը դեմ հանդես եկող, թշնամական վերաբերմունք դրսևորող մի սփյուռքի մասին ենք խոսում։ Ակնկալում ենք, որ դուք էլ ավելի կազմակերպված կարտահայտվեք այդ սփյուռքի դեմ», - հայտարարել է «գորշ գայլերի» հայտնի երկրպագուն։

Այս առնչությամբ կայքը հիշեցնում է Չավուշօղլուի նմանատիպ ելույթը Լոս Անջելեսում՝ սեպտեմբերի 24-ին, կրկին համաքաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նույնպես նա հարձակվեց հայ համայնքի վրա. «Ի վերջո, որոշ քայլեր արեցինք, սակայն Հայաստանի նկատմամբ ճնշումների պատճառով վերջինս դեռ չի կարողանում մեր ուզած խիզախ քայլերն անել։ Հատկապես այն հարցերում, որոնց շուրջ բանակցում են Ադրբեջանի հետ, անհրաժեշտ է խրախուսել (Հայաստանին-խմբ.)։ Ցավոք, միգուցե փոքրաթիվ, սակայն ԱՄՆ-ում ազդեցիկ ձայն ունեցող հայերի մի խումբ դեմ է այդ կարգավորմանը։ Թուրքիայի հետ կարգավորմանն էլ են դեմ։ Նրանք Հայաստանի վրա որևէ ազդեցություն չունեն։ Միշտ ատելությամբ են առաջնորդվում», -ասաց նախարարը։

Այստեղ պատեհ կլինի հարց տալ. եթե այդ «փոքրաթիվ» խումբը Հայաստանի (իմա՝ նրա իշխանության) վրա ազդեցություն չունի, ապա ինչո՞ւ է այդքան անհանգստացնում Չավուշօղլուին, և ուրեմն ինչո՞ւ պայքարել նրա դեմ։ Այդուհանդերձ արժանին մատուցենք նրան. անկեղծորեն ու բացահայտ շարադրում է գործի էությունը։ Այն է՝ Սփյուռքի այն հատվածը, որը հավատարիմ է մնացել ազգային շահերին ու արժեքներին և դիմադրում է ՀՀ իշխանությունների թուրքամետ քաղաքականությանը, այն խոչընդոտն է (բուն Հայաստանի ազգային ուժերի հետ միասին), որը խանգարում է Անկարային վերջնականապես իրականացնել Հայաստանի ամբողջական կլանման իր ծրագրերը։

Չավուշօղլուն չի թաքցնում նաև այն փաստը, որ թուրքերն ու Փաշինյանի թիմը նույն վերաբերմունքն ունեն նրանց նկատմամբ, ովքեր տեսնում են Անկարայի ու Բաքվի հետ Երևանի հարաբերությունների «կարգավորման» գործընթացի իրական աստառը և գերազանց գիտակցում հայոց պետականության համար դրանց վտանգավորության աստիճանը։ Վերջին բոլոր իրադարձություններն ու գործընթացները՝ կապված մասնավորապես հայկական Սփյուռքի հետ, ապացուցում են, որ Հայաստանի իշխանություններն ու Թուրքիան՝ Ադրբեջանի հետ մեկտեղ, գործում են բացարձակ միաբան՝ հետապնդելով նույն նպատակները. իրենց հակահայկական ծրագրերին հասնելու համար ճնշել հայ ժողովրդի ողջամիտ ու գիտակից հատվածի դիմադրությունը, լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում։

Հիշենք Սփյուռքի հարցերով փաշինյանական հանձնակատար Սինանյանի այցերը նույն Ֆրանսիա և արևմտյան այլ երկրներ՝ ուղղված Սփյուռքի պառակտմանը և նոր կառույցների կազմավորմանը՝ Փաշինյանի քաղաքականությանը հավատարմության սկզբունքով, ի հակակշիռ հայկական ավանդական կազմակերպությունների։ Այդ փորձերը միտված էին նաև Սփյուռքի տարբեր հատվածների միջև ընդհարում սադրելուն, հայրենակիցների հանդեպ ատելություն սերմանելուն, ճիշտ այնպես, ինչպես վերջին 4,5 տարիներին արվել և արվում է բուն Հայաստանում։

Հիշենք նաև Հայաստանից սփյուռքահայ ականավոր գործիչների արտաքսման խայտառակ փաստերը. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին Փաշինյանի անմիջական ցուցումով արգելվեց մուտքը Հայաստան։ Այնուհետև նույնը արվեց ՀՅԴ մյուս ներկայացուցիչների՝ Նիդեռլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի և նրա դստեր՝ Սյունեի նկատմամբ։ ԶԼՄ-ներն այն ժամանակ նշում էին, որ Փափազյանին արգելված է մուտք գործել ընդամենը երկու երկիր. Ադրբեջան և Հայաստան։

ՀՀ իշխանությունների այս քայլերը յուրօրինակ խոնարհում-ուղերձ դարձան Բաքվում և Անկարայում Փաշինյանի գործընկերներին՝ առ այն, որ հանուն «խաղաղության դարաշրջանի» նա պատրաստ է գնալ ամեն քայլի, ընդհուպ մինչև ավանդական Սփյուռքի հետ հարաբերությունների վատթարացում ու խզում և նախկինում անսասան թվացող ազգային գաղափարների մոռացում։ Այդ թվում՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության, որպես հայոց պետականության պատվարի։ Պարզ է, որ խոսքը միայն այն սփյուռքահայերի մասին է, ովքեր ոչ միայն չեն աջակցում, այլև փորձում են դիմակայել Հայրենիքի համար կործանարար ուղեգծին։

Վերադառնանք, սակայն, Չավուշօղլուի հայտարարություններին։ Գրեթե բաց տեքստով սույն նախարարը քսի է տալիս Ֆրանսիայում ապրող իր ցեղակիցներին այդ երկրի հայազգի քաղաքացիների դեմ։ Ընդգծեմ, այն երկրի, որտեղ բնակվում է Եվրոպայի խոշորագույն հայկական համայնքը, բավական կազմակերպված և ազդեցիկ։ Դա Գերմանիան չէ, ոչ էլ Իտալիան կամ Մեծ Բրիտանիան, դա Ֆրանսիան է, որը նաև մեզ ամենամտերիմ ու բարեկամ եվրոպական տերությունն է։

Առանձնահատուկ նշենք այն փաստը, որ Ստրասբուրգի քաղաքապետը, որտեղ հնչել է ագրեսիայի ռազմատենչ կոչը, հայուհի է. Ժաննա Բարսեղյանը։

Այդ առնչությամբ առաջանում են մի քանի կարևոր հարցեր։

Առաջինը. Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքի բացակայությունն առնվազն այս նյութը գրելու պահի դրությամբ, թեև թուրք նախարարի հայտարարությունները հասարակական լայն արձագանք են ստացել։ Մանավանդ որ բազմաթիվ ֆրանսահայեր, հատկապես նոր ալիքի վերաբնակները, պահպանել են ՀՀ քաղաքացիությունը։ Ստացվում է, որ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը ագրեսիայի կոչ է անում ինչպես ֆրանսահայերի՝ այդ երկրի քաղաքացիների, այնպես էլ այնտեղ ապրող ՀՀ քաղաքացիների դեմ։ Բայց Հայաստանի ԱԳՆ-ը հարկ չի համարում ինչ-որ կերպ արձագանքել դրան։

Երկրորդ հարցը. արձագանք կլինի՞ արդյոք Ստրասբուրգի իշխանությունների կողմից, որտեղ ընդ որում գտնվում են համաեվրոպական մի քանի կառույցների, այդ թվում Եվրոպայի Խորհրդի, Եվրամիության և ՄԻԵԴ-ի կենտրոնակայանները, որոնց գործունեության կարևորագույն սկզբունք է հռչակված մարդու իրավունքների պաշտպանությունը։

Երրորդ. կհաջորդի՞ արդյոք Ֆրանսիայի իշխանությունների արձագանքը այդ երկրի հայազգի հարյուր հազարավոր քաղաքացիների դեմ բռնության անթաքույց կոչին: Վերջապես, ինչո՞ւ որևէ արձագանք չկա հայկական կազմակերպությունների, առաջին հերթին՝ Համակարգող խորհրդի կողմից, որոնք առաջինը պետք է աղմուկ բարձրացնեին և համապատասխան արձագանք պահանջեին պաշտոնական Փարիզից։ Առայժմ լռություն է տիրում, և ինչ-որ չի երևում, թե Հայ Դատի կառույցները մտադիր են պատշաճ կերպով տեղը դնել բացահայտորեն չափն անցած թուրքին։

Մնում է արձանագրել, որ այն ընդարմությունն ու թուրք-փաշինյանական տանդեմին դիմադրելու անկարողությունը, որ տիրում են բուն Հայաստանում, ախտահարել են նաև հայկական Սփյուռքին։ Հակահայ ուժերի գործողությունների սինքրոնությունն ու համակարգվածությունը դեռևս չեն ծնում ազգային բումերանգի հրամայական, որը կարող է և ցանկանում է արժանի հակահարված տալ թշնամական ուժերին։ Այդ թվում՝ փաստացի հարձակմանը հայկական Սփյուռքի այն հատվածի վրա, որը քաջ գիտակցում է Հայրենիքին սպառնացող աղետը։

Գուցե հենց դա՞ է, բացի ամենից, այդչափ ոգևորում Չավուշօղլուին, որն օտար երկրում հանդես է գալիս բռնության և ագրեսիվ հայատյացության փաստացի արտահանման կոչերով։ Գիտակցո՞ւմ են արդյոք Ֆրանսիայի իշխանությունները (Հայաստանի իշխանությունների մասին այստեղ խոսելն անիմաստ է) թուրքական սանձարձակության ողջ վտանգը Եվրոպայում։ Վերջապես, գիտակցո՞ւմ են արդյոք իրենք՝ այդ երկրի հայերը իրենց գլխավերևում կախված վտանգը, այդ թվում՝ ֆիզիկական բնույթի։

Համենայն դեպս հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիայում տեղի ունեցան հակահայկական ակցիաներ՝ «Սպանելո՛ւ ենք հայերին», «Ո՞ւր եք, հայեր» կարգախոսներով, որոնք ուղեկցվում էին բռնությամբ։ Միայն ոստիկանության միջամտությունն այն ժամանակ կասեցրեց իրադարձությունների բացասական զարգացումը, բայց մի՞թե որևէ մեկը կասկածի տակ է առնում այն, որ նշյալ ագրեսիվ գործողությունները կազմակերպվել էին պաշտոնական Անկարայի անմիջական ցուցումով։