ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԾՎԵԼՈՎ ՌԵԶԵՐՎԱՑԻԱՅԻ

Օգտվելով Թուրքիայի անվերապահ աջակցությունից՝ Ադրբեջանը ձգտում է ոչ միայն բացառել Երևանին Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ամեն տեսակի քննարկումներից, այլև նվազագույնի հասցնել միջազգային հանրության և ուժի կենտրոնների դերն այդ հարցում:

Դրա ավելորդ վկայությունը ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկատվությունն է, ըստ որի՝ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ քննարկվել է փաստաթղթի մի տարբերակ, որը պետք է դրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հիմքում։

Ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից չհերքված այդ փաստաթղթի տեքստի կետերից մեկն ասում է. «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, որը կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Ներկայացուցիչները կապահովեն թափանցիկություն միջազգային հանրությանը իրենց քննարկումների վերաբերյալ։ Կողմերը կշարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, վստահություն ապահովելու Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբերի պաշտպանության վերաբերյալ»։

Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ Հայաստանի քաջարի իշխանությունները, գլխավոր պատասխանատուները, բայց ընդ որում միշտ և ամեն հարցում անմեղները, համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թեկուզ չճանաչված, բայց պետությունից վերածվում է Ադրբեջանի «հայկական էթնիկ համայնքի»։ Եվ Բաքուն ողորմածաբար համաձայնում է ապահովել նրա անվտանգությունը։ Հնդկացիական ռեզերվացիայի պես մի բան... Հավանաբար խորհրդանշական է, որ հակամարտության նման հանգուցալուծումն առաջ է մղում հենց այն երկրի ներկայացուցիչը, որտեղ գտնվում են այդ ռեզերվացիաները։

Ակնհայտ է, որ նախապատրաստվող փաստաթղթի վերոնշյալ կետը տեղավորվում է Բաքվի դիրքորոշման մեջ և լիովին համապատասխանում Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե Ադրբեջանի ղեկավարությունն ինքն է որոշելու՝ երբ և ինչպես խոսի «Ադրբեջանի հայկական ծագումով քաղաքացիների հետ, որոնք բնակվում են ռուսական խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում»: Բաքուն իսպառ բացառում է Երևանին այդ գործընթացից, իսկ միջազգային կառույցներին վերապահում է դիտորդների դերը։ Չէ՞ որ դեռ նախքան Պրահայում եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ «մտադիր չէ միջազգային որևէ կենտրոնի հետ քննարկել Ղարաբաղի հարցը»։

Դե, իսկ թե ինչ կառաջարկի Բաքուն Ստեփանակերտին, նույնպես կարելի է հեշտությամբ ենթադրել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից. երկու տարուց քիչ ավելի ժամանակ անց Բաքուն կառաջադրի հակամարտության գոտուց ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման հարցը, իսկ Արցախի բնակիչներին կառաջարկի Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել՝ այն պայմանով, եթե վերջիններս կարողանան ապացուցել, որ չեն մասնակցել «ռազմական հանցագործություններին»: Դե, կամ հեռանալ Լեռնային Ղարաբաղից։