Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆԸ՝ ՄԻՐԶՈՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ․ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՀՀ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների երեկվա հանդիպմանն ու դրան հայ հասարակության արձագանքին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև

Եթե մի կողմ դնենք Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի խրոխտ «մուննաթը» (որի համար չգիտես ինչու ուրախացել են հայ լսարանի սրտները հովացնող ցուցադրական պոզան արդյունավետ դիվանագիտությունից էդպես էլ չտարբերող մարդիկ), ապա այսօր, հոկտեմբերի 13-ին, Միրզոյան-Լավրով հանդիպումից հրապարակված դրվագի չոր դիվանագիտական արդյունքը հետևյալն է.

1. Լավրովն ասել է, որ Հայաստանի դիմումից անմիջապես հետո ՀԱՊԿ֊ը գագաթնաժողով է հավաքել, Հայաստան ուղարկել կազմակերպության գլխավոր քարտուղարին և շտաբի ղեկավարին, որոնք մեկ ամիս կամ մեկ ամսից ավելի է, ինչ առաջարկել են դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային տարածք, սակայն դա տեղի չի ունեցել միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ֊ի նախագահող երկիրը՝ Հայաստանի մինչև հիմա «ազատ ժամանակ» չի գտել համապատասխան նիստ կազմակերպելու համար

2. Միրզոյանը հակադարձել է, ասելով, որ փորձել են ՀԱՊԿ նիստ հրավիրել, բայց մասնակիցների ժամանակացույցերը դա թույլ չեն տալիս

3. Լավրովն ասել է, որ կոնկրետ ժամկետով առաջարկ չեն ստացել, և որ ամեն պահի պատրաստ են օնլայն ռեժիմով նման գագաթնաժողով ունենալ։

և այսպես, երկու տարբերակ է հնարավոր.

ԿԱՄ՝ ռուսները ստում են, և Հայաստանը դեռ մեկ ամիս առաջ հստակ ժամկետով նշանակել է ՀԱՊԿ֊ի նիստ՝ դիտորդական առաքելության ուղարկման օրակարգով, որին ռուսները և կազմակերպության մյուս անդամները չեն արձագանքել, բայց Միրզոյանը դա չբացահայտեց (իսկ դա ապացուցելը շատ հեշտ է, եթե կան համապատասխան փաստաթղթեր)։

ԿԱՄ՝ Հայաստանը նման նիստ չի կազմակերպել և առիթ է տալիս ՀԱՊԿ֊ին իր անընդունելի պասիվության համար մեղադրել նախագահող Հայաստանին։

Երկու դեպքում էլ մենք գործ ունենք Հայաստանի հերթական դիվանագիտական ապաշնորհության և պարտության հետ, ինչն առավել անհասկանալի է դարձնում Միրզոյանի պահվածքի վերաբերյալ Փաշինյանի կողմնակիցների հրճվանքը։

News.am