Շվեյցարացի պատգամավորը չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը
Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Այս մասին նա ասել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում։
Պատգամավորի խոսքով՝ բոլոր այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են այլ հակամարտություններում, օրինակ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի դեպքում, պետք է կիրառվեն նաև Ադրբեջանի նկատմամբ։
«Դա միանշանակ է: Չի կարող այնպես լինել, որ ագրեսորը մնա առանց պատժամիջոցների։ Ես կարծում եմ, որ մենք պետք է անենք հետևյալը․ բոլոր ագրեսորներին պետք է հավասար վերաբերվել։ Շվեյցարիան ունի Ադրբեջանի բազմաթիվ արժեթղթեր, և մենք պետք է շատ հստակ արտահայտենք մեր դիրքորոշումը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք հասկանան, որ Շվեյցարիան պարզապես ապահով վայր չէ, որտեղ կարելի է փող պահել։ Սա այն է, ինչ մենք պետք է անենք»,-ասել է նա։
News.am