ՀՀ ԱԳՆ․ Տարածաշրջանում բոլոր կապերի ապաշրջափակելու վերաբերյալ այս պահին չկա որևէ պայմանավորվածություն

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ այս պահին չկա որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն, ինչպես նաև հաստատված ցանկ կամ ժամանակացույց։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

ԱԳՆ-ից հայտնել են, որ որևէ երթուղի ՀՀ տարածքով պետք է գործի բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն և ՀՀ ինքնիշխան վերահսկողության ներքո։

«Անկլավների հետ կապված հարցերը դեռ պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում»,-նշվում է ԱԳՆ պատասխանի մեջ։

ՀՀ ԱԳՆ -ի փոխանցմամբ՝ հայկական կողմը հանդես է եկել սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկով։

Armenia Today