ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Մոտ մեկ ամիս առաջ՝ 2022 թ․ սեպտեմբերի 19-ին, Թուրքիայում հայտարարվեց «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծման մասին, Անկարայում բացվեց դրա ներկայացուցչությունը։ Հանրապետությունն ստեղծողները հայտարարում են, որ այն ունենալու է խորհրդարան, իսկ մայրաքաղաքի հետ կապված դեռ չեն կողմնորոշվել՝ կա՛մ հայկական Կապան քաղաքը (ՀՀ Սյունիքի մարզ), կա՛մ Վարդենիսը (ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավելի ուշ՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, «Հարավային Ադրբեջանի» ակտիվիստները հավաքվեցին Անկարայում և հռչակեցին «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր Ազգային ժողովի» ստեղծումը։
Ի՞նչ տարածքի մասին է խոսքը։
Մինչ այժմ վիրտուալ «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» հավակնում է Հայաստանի Հանրապետության 10 մարզերից առնվազն 3-ին՝ Սյունիքին, Գեղարքունիքին և Վայոց Ձորին։ Այս շրջանների բնակչությունը 428 հազար է, իսկ ընդհանուր մակերեսը՝ 10476 քառ. կմ՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր տարածքի 35%-ը։
Բաքվում և Անկարայում «Հարավային Ադրբեջան» են կոչում Իրանի հյուսիսային նահանգները՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան և Զանջան։ Այս տարածքի ընդհանուր բնակչությունը 10 միլիոն է, իսկ տարածքը՝ 122660 քառ. կմ։ Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը (մայքաղաքը՝ Բաքու), որը հավակնում է իրանական այս նահանգներին, տարածքով զգալիորեն փոքր է (47%-ով)։
Ինչու՞մն է վտանգը
Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն զբաղվում են տարածաշրջանի ապագայի նախագծմամբ։ Այս ապագայում Անկարան և Բաքուն տեսնում են մասնատված Իրան և կա՛մ ոչնչացված, կա՛մ խիստ կտրտված և ամբողջությամբ շրջափակված Հայաստան: Այդ «կառավարությունների» ու «ներկայացուցչությունների» ստեղծումը ոչ թե ակտիվիստների զվարճանք է, այլ տարածքներ գրավելուն ուղղված երկարաժամկետ ծրագիր։
Պատմական համաշարը․ Թուրքիան առաջին անգամ չէ, որ ստեղծում է նման պետություններ
Թուրքիան տարածաշրջանում արդեն ստեղծել է թյուրքական հանրապետություններ, և նրանք բոլորը կռվել են Հայաստանի դեմ։ Նախ՝ 1918-1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը (ԱԺՀ) ստեղծվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1918 թվականի մայիսի վերջին Թիֆլիսում հռչակված ԱԺՀ-ը բուտաֆորիա էր։ «Հանրապետության» կառավարությունն «իր տարածք» կարողացավ մտնել միայն հունիսի կեսերին՝ այն բանից հետո, երբ այնտեղ հայտնվեցին թուրքական զորքերը։ Իսկ նրա «կառավարությունը» միայն սեպտեմբերին (հռչակումից 3․5 ամիս անց) կարողացավ մտնել ԱԺՀ մայրաքաղաք՝ կրկին հետևելով թուրքական զորքերին։ Հենց այս հիմքի վրա էլ հետագայում ստեղծվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ այժմ՝ Ադրբեջանի Հանրապետությունը։
Թուրքիան կանգ չի առել ԱԺՀ-ի ստեղծումով։ Այն բանից հետո, երբ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Օսմանյան Թուրքիան ստորագրեց Մուդրոսի զինադադարը և պետք է զորքերը դուրս բերեր հայկական շրջաններից՝ Կարսից և Նախիջևանից, 1918 թվականի նոյեմբերի 18-ին թուրքական զորքերի աջակցությամբ Նախիջևանի տարածքում ստեղծվեց այսպես կոչված Արաքսի Հանրապետություն։ Իհարկե, հենց թուրքական զորքերը լքեցին տարածաշրջանը, հայկական բանակը ջախջախեց այս «հանրապետության» ռազմական կազմավորումները, և այն դարձավ վիրտուալ։
1918 թվականի նոյեմբերին ևս Օսմանյան Թուրքիայի աջակցությամբ Կարսի մարզի տարածքում ստեղծվեց այսպես կոչված «Հարավարևմտյան Կովկասի Դեմոկրատական Հանրապետությունը»։ Հանրապետության զորքերը՝ հիմնականում թուրք զինվորներից և սպաներից կազմված, ռազմական գործողություններ սկսեցին Հայաստանի և Վրաստանի դեմ, ջախջախվեցին, իսկ 1919 թվականի ապրիլ-մայիսին Կարսը և Կարսի շրջանի մեծ մասը անցան հայկական վարչակազմի վերահսկողության տակ։
Այդ քաղաքականությունը Թուրքիան վարում է ոչ միայն կովկասյան տարածաշրջանում։ Օրինակ՝ 1938 թվականին Սիրիայի հյուսիսում հռչակվեց Հաթայի Հանրապետությունը, թուրքական զորքերի ներխուժումից և էթնիկ զտումներից հետո հանրաքվե անցկացվեց, և տարածքը միացվեց Թուրքիային։
1974 թ․ թուրքական բանակի ներխուժումից և կղզու հյուսիսից Կիպրոսի հույներին վտարելուց հետո Թուրքիայի կողմից ստեղծվեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։ Ի դեպ, «հանրապետության» հետ կապեր է պահպանում ոչ միայն Թուրքիան, այլև Ադրբեջանը։ Մասնավորապես՝ Բաքվում կա վերջինիս ներկայացուցչություն, իսկ նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ՀԿԹՀ ղեկավարի հետ և այլն։
Այսօր Թուրքիան նույն տրամաբանությամբ քվազիպետություն է ստեղծում Սիրիայի օկուպացված տարածքներում։
Ի՞նչ անել
Թուրքիան չի թաքցնում իր ծավալապաշտական ծրագրերը և ակնհայտորեն հող է նախապատրաստում դրանց իրականացման համար։ Ի՞նչ կանեին ազգային իշխանությունները նման իրավիճակում։ Նախ՝ աշխատանք դիվանագիտական և իրավական դաշտում, զինված ուժերի ուժեղացում և բանակցություններ այն երկրների հետ, որոնք նույնպես գտնվում են Թուրքիայի տեսադաշտում, այս դեպքում՝ Իրանի, բայց ոչ միայն։ Անվտանգության լայն կոալիցիան ապագայում կարող է և պետք է ներառի Ռուսաստանը, Սիրիան, Իրաքը, Եգիպտոսը, Կիպրոսը, Հունաստանը, Ֆրանսիան։
Կարեն Իգիթյան, կովկասագետ