ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ ԱՆԽԱԽՏԵԼԻ Է. ԻՐԱՆՈՒՄ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետ կապված Իրանը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը. Խոսքը ոչ միայն հոգևոր առաջնորդի, նախագահի, Իրանի ԱԳՆ-ի հայտնի հայտարարությունների մասին է, այլև Իրանի խորհրդարանի անվտանգության և միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ընդունած փաստաթղթի, որը վկայում է տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Իրան կատարած այցի մանրամասները։
«Բացի այդ, նշվել է, որ Հայաստանն իրավունք ունի ցանկացած միջոցներով ապահովել սեփական սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը։ Եվ՛ Հայաստանի տարածքային ամբողջականության, և՛ սահմանների անձեռնմխելիության տեսանկյունից և՛ տնտեսական օրակարգում չկան հարցեր, որոնցում Հայաստանի և՛ Իրանի շահերը չհամընկնեն»,- հավելեց նա։
Պատգամավորը վստահեցրեց, որ Հայաստանի տարածքով միջանցքների մասին խոսք չի լինելու՝ հիշեցնելով, որ այս մասին ոչ մի փաստաթուղթ չկա։
«Բայց մյուս կողմից կա Լաչինի միջանցք հասկացությունը, որն ամրագրված է փաստաթղթում, և այլ միջանցքի մասին խոսք չկա, այլ կետ կա ճանապարհների ապաշրջափակման մասին։ Ե՛վ Հայաստանը, և՛ Իրանը ողջունում են ճանապարհների ապաշրջափակումը, սակայն այլ բանի մասին խոսք լինել չի կարող։ Այլ բան, որ դրանք կարող են լինել Ադրբեջանի, Թուրքիայի, գուցե այլ ուժերի ցանկությունները։ Պաշտոնական Երևանի դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է պաշտոնական Իրանի դիրքորոշման հետ Հայաստանով միջանցքի բացակայության մասին, և որ այն չի կարող գոյություն ունենալ»,- ընդգծեց պատգամավորը։
Պապոյանը հիշեցրեց, որ Իրանը նախատեսում է զորավարժություններ անցկացնել երկրի հյուսիսում։
Նա տեղեկացրեց, որ հայկական պատվիրակության՝ Իրան կատարած այցի ընթացքում հանդիպումներ են կայացել Հայաստան-Իրան բարեկամության խմբի շրջանակներում, հանդիպում է անցկացվել նաև Իրանի խորհրդարանի փոխխոսնակի, այլ խորհրդարանականների, կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի և արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարըի հետ:
«Օրակարգը շատ լայն էր. Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարեկամական են, և դրանք պարզապես խոսքեր չեն։ Չեն բարձրացվել այնպիսի հարցեր, որոնց լուծումը չի բխի երկու կողմերի փոխադարձ շահերից՝ սկսած քաղաքական, սահմանային, տնտեսական խնդիրներից։ Այս ամենը հավասարապես կարևոր են և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար։
Խորհրդարանական համագործակցությունը պետությունների և բարեկամ ժողովուրդների միջև քաղաքական համագործակցության շարունակությունն է»,- եզրափակեց պատգամավորը։