ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Ներքին Հանդ և խոստացել` կոնկրետ առաջարկներ կուղարկվեն կառավարություն
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք, որը ադրբեջանական հարձակման հետևանքով անվտանգային առավել դժվար իրավիճակում է հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Գրիգորյանին հետաքրքրել են համայնքի բնակիչների անվտանգության ապահովման, կենսական ենթակառուցվածքներից ու հաղորդակցության ուղիներից օգտվելու, բնակիչների սեփականության իրավունքի խախտումների փաստերը։
«Պաշտպանն արձանագրել է, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ագրեսիվ ու շարունակվող ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների, հատկապես կանանց ու երեխաների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ՝ հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության, բնականոն կենսաապահովման, սեփականության ու կրթության իրավունքի և այլ հիմնարար իրավունքների իրացման համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գրիգորյանը տեղեկացրել է բնակիչներին, որ փաստահավաք առաքելության հետևությունները կներկայացվեն միջազգային հանրությանը, իսկ արձանագրված խնդիրների լուծման կոնկրետ առաջարկները կուղարկվեն կառավարություն։
Պաշտպանին ուղեկցել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։
Sputnik Արմենիա