ԱՌՆՎԱԶՆ 50 000 ԱՐՑԱԽՑԻՆԵՐ ՊԵՏՔ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵՆ. ՕՍԿԱՆՅԱՆԸ ԼՈՒԾՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Լեռնային Ղարաբաղն անվերադարձ չկորցնելու համար Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկում է ամեն գնով վերականգնել ինքնորոշման իրավունքի նարատիվը։ Նա լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական գրառումը Հայաստանի և Արցախի մասին։
Նախկին նախարարի խոսքով` քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են Արցախի ինքնորոշման իրավունքի նարատիվից, դա կարող են անել հենց արցախցիները։
«Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական չորս նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են»,– գրել է Օսկանյանը և թվարկել դրանք։
Առաջին՝ Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը էթնիկապես, կրոնով, ավանդույթներով տարբերվում է «մետրոպոլիայից» և ունի ինքնորոշման հավաքական ու աներկբա ձգտում։
Երկրորդ՝ Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով Արցախի ժողովուրդը մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։
Երրորդ՝ անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։
Չորրորդ՝ հաշվի առնելով բոլոր վերոնշյալ կետերը՝ պարզապես այլ լուծում չկա, քան ճանաչել Արցախի ժողովրդի անջատում հանուն փրկության իրավունքի իրացումը։
«Արցախի ժողովուրդը շատ մոտ ապագայում նախ պետք է կազմակերպի առնվազն 50 – 75 հազար մարդկանց մասնակցությամբ հավաք Ստեփանակերտի հրապարակում, որտեղ հստակ պետք է ասվի և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, և՛ միջազգային հանրությանը, որ իրենք հետամուտ են լինելու իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Դրանից անմիջապես հետո Հայաստանը ՄԱԿ-ում պետք է նախաձեռնի բանաձևի ընդունում, որով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հայց կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան, ինչպես որ արվել է Կոսովոյի դեպքում՝ խորհրդատվական կարծիք հայտնելու, թե արդյոք 1991-ի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն հակասում է միջազգային օրենքին»,–նշել է Օսկանյանը։
Նրա խոսքով` այն ամենն ինչ այսօր տեղի է ունենում , դրա հիմքում ընկած է Ադրբեջանի այն համոզումը, որ ինքն արդեն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն և անցել է իր պահանջատիրությանը Հայաստանից։
«Այն պահին, երբ Ալիևը հասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Արցախի ժողովուրդը պարզապես բացառում է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի հավակնությունները Հայաստանից ոչ միայն կնվազեն, այլև կդառնան անիրատեսական»,– եզրափակել է Օսկանյանը։