ԵՄ սահմանային առաքելությունը բաղկացած կլինի մոնիտորինգի 40 փորձագետներից

Հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակով Հայաստանի կողմից տեղակայվելու են մինչև 40 ԵՄ մոնիտորինգի փորձագետներ` իրավիճակի դիտարկման, վերլուծության և զեկուցելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհուրդը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է մոնիտորինգի փորձագետներ ներգրավել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։

Դիտարկման առաքելությունը ժամանակավոր է, և, ըստ ԵԽ-ի երկու ամսից ավելի չի տևի։

Ավելի վաղ մամուլում սխալմամբ 40 դիտորդի փոխարեն հրապարակվել էր 400 դիտորդի տեղակայման մասին տեղեկատվություն, և ԵԽ-ն նոր հայտարարությամբ փորձել է շտկել այդ թյուրիմացությունը։

Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպմանը։

Պաշտոնական հայտարարության համաձայն` առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։

Նշենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Վրաստանում գործում է արդեն 14 տարի։ Այն տեղակայվել է 2008թ–ին ռուս– վրացական կոնֆլիկտից հետո` Վրաստանում ու տարածաշրջանում կայունության ապահովման նպատակով։

Վրաստանում առաքելությունը պաշտոնական տվյալներով բաղկացած է շուրջ 340 անձնակազմից, որից 225-ը՝ ԵՄ անդամ 26 տարբեր երկրների ներկայացուցիչներ են:

Sputnik Արմենիա