2022-10-17 14:53
Լրատվական գործակալություններ
Վրաստանի նախագահը չի բացառել ռուսաստանցիների համար վիզային ռեժիմ մտցնելը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Քիշնևում ճեպազրույցի շրջանակում չի բացառել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերանայելու և ռուսաստանցիների համար վիզաներ մտցնելու հարցը։
Զուրաբիշվիլին Վրաստան եկած ռուսաստանցիների մեծ հոսքն անվանել է «սադրանք»։
«ՌԴ քաղաքացիների հայտնվելը Վրաստանում սադրանք է, չեմ կարող ասել, թե դա վտանգ է, բայց սա հաստատ մարտահրավեր է։ Գուցե, պետք է խոսել նաև վիզաների մասին ՌԴ քաղաքացիների համար, քանի որ հիմա ամեն բան բավական լիբերալ է, այդ որոշումը պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը հանրության հետ միասին»,- նշել է նախագահը։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները վերահսկում են իրավիճակը, որպեսզի ոչ մի վտանգ չառաջանա տեղի բնակչության համար։
News.am