Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս պատմական պահին կարևորն այն է, թե ինչ արձագանք կցուցաբերի Ռուսաստանը։ Հայտարարություններից ավելի կարևոր է, թե ինչ է արվում և ինչ է արվելու։ Այս մասին հոկտեմբերի 17-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը վաղուց փորձում է մանիպուլյացիաների և շանտաժի միջոցով Ռուսաստանից առավելագույնը ստանալ՝ անձնական անվտանգության և քաղաքական երաշխիքների առումով։

«Հիմա մենք տեսնում ենք համարյա նույն բանը, երբ սեղանին դրված է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեզը։ Հասկանալի է, որ այդ խոսակցությունները միայն ձևականություն են՝ բանակցային ռեսուրսը մեծացնելու համար՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ռուսաստանը դիվանագիտական մակարդակով արձագանքեց այս շանտաժին՝ հայտարարելով եվրոպացի դիտորդներին հակակշռելու համար սեփական դիտորդներ ուղարկելու պատրաստակամության մասին։ Մոսկվան դեռ փորձում է մեղմ արձագանք ցուցաբերել Հայաստանի իշխանությունների չարաճճիության հանդեպ։ Այդուհանդերձ, մոտ ապագայում Ռուսաստանի կողմից կարող են ավելի խիստ հայտարարություններ հետևել՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը հավասարակշռելու համար»,- ընդգծեց փորձագետը։

Նա կարծում է, որ Ռուսաստանի պասիվ պահվածքը, որը դուր չի գալիս հայերին, պայմանավորված է նրանով, որ Հայաստանի իշխանություններն առաջինն են «գցել»։

«Ռուսաստանի Դաշնության համար այս պահին ավելի կարևոր, իրավիճակային գործընկերներ կան՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, որոնց հետ Մոսկվան ուկրաինական ճգնաժամի սկզբում գործընկերային փաստաթուղթ է ստորագրել։ Իսկ վերջերս հայտարարվեց, որ Ադրբեջանի էներգետիկ հնարավորությունները կտրուկ աճել են։ Կարելի է կռահել, թե ինչի հաշվին և ինչ գազ կհայտնվի դրա խողովակներում»,- հավելեց Հակոբյանը։

Նա կարծում է, որ որպեսզի Հայաստանը մտածի հետագա քայլերի մասին, նախ պետք է փոխի բանակցողին։

«Դա թույլ կտա ժամանակ շահել: Նոր բանակցողը մինչև իշխանության գալը պետք է իր դիրքորոշումը հասցնի տարածքային գլխավոր կենտրոններին, ձևավորի նոր հայեցակարգ, ներկայացնի կարմիր գծերը և հասկանա գործընկերների կարմիր գծերը»,- հավելեց Հակոբյանը։

Փորձագետը արձանագրեց, որ 44-օրյա պատերազմը աշխարհաքաղաքական գործընթացների դետոնատոր է դարձել։

News.am