ՍԵՆՍԱՑԻԱ՝ ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՑ. ԻՆՉ Է ԱՍԱՑ ԹԱԹՈՅԱՆԸ ԵՎ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի նախկին օմբուդսմեն, ներկայումս Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ հասարակական կազմակերպության ղեկավար Արման Թաթոյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ: Սաթիկ Սեյրանյանի «Pressing» հաղորդաշարին տված հարցազրույցում հրապարակեց կառավարության հետ իր փոխհարաբերությունների որոշ մանրամասներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք և դրա արդյունքում մեր երկրի սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներին:

«Առաջին անգամ խոսել եմ այն մասին, որ իրականում Կառավարությունից իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել պատերազմից անմիջապես հետո մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, այդ թվում՝ տեղակայած ցուցանակներն ու ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, նրանց արարքները կամ առաջարկվող այլընտրանքն էր` աշխատել միայն գրավոր ու ոչինչ չհրապարակել: Պատճառ էր նշվում, թե իբր դա կապ չունի մարդու իրավունքների հետ, և հետո իմ հայտարարությունները իշխանությունների նկատմամբ առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը և այդ տվյալները օգտագործում է ընդդիմությունը։ «Պատիժն» էլ մեր աշխատակազմի ավտոմեքենաների մոտ 90% հարկադրաբար վերցնելու նախաձեռնությունն էր, որպեսզի չկարողանանք գնալ սահմանային բնակավայրեր:

Բնականաբար, իմ պատասխանը բացասական էր… Դրանից հետո ստիպված հրավիրեցի մամուլի ասուլիս և դիմեցի հանրության աջակցությանը (ասուլիսը նվիրված էր նաև ֆինանսական անկախությունից զրկելու Կառավարության նախաձեռնությանը): Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաների շատ անպատասխանատու հայտարարություններ ու քայլեր Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքներից են»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Թաթոյանը՝ ներկայացնելով իր հարցազրույցը։

Այսպիսով, փորձագետների և հասարակության բազմաթիվ ենթադրությունները, կռահումներն ու եզրակացություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն դեմ չեն երկրի տարածքում ադրբեջանցի զավթիչների ներկայությանը, այլև ամեն կերպ փորձում են խեղդել նրանց ձայնը, ովքեր բարձրաձայն խոսում ու գրում են այդ մասին, հերթական անգամ հաստատվեցին: Ընդ որում՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպանի, իշխանության միակ ներկայացուցչի մակարդակով, որը հետևողականորեն, կանոնավորապես և պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է հետպատերազմյան ագրեսիայի առաջին զոհը դարձած, բայց սեփական պետությունից անհրաժեշտ պաշտպանություն չստացած սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչների իրավունքների խախտման խնդրով։

Նշենք, որ իշխանական բուրգում զբաղեցրած պաշտոնից Արման Թաթոյանի հեռանալուց հետո չի մնացել և ոչ ոք, ով կզբաղվի այդ հարցով։ Գործող օմբուդսմենը, լինելով Փաշինյանի թիմի դրածոն, նախկին պաշտպանի լոկ գունատ ստվերն է, և թվացյալ ակտիվությամբ հանդերձ՝ գործնականում չի զբաղվում սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Օրինակ, այն մասին, որ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Սյունիքի ֆերմերներից առևանգել են հսկայական քանակությամբ (8 000 գլուխ) անասուն, գողացել կցասայլ-տնակներն ու այլևայլ գույք, օրերս հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։ Նա ընդգծեց նաև, որ «44-օրյա պատերազմից և վերջին ագրեսիայից հետո անվտանգության միջավայրը սաստիկ փոխվել է»: Այսինքն խոսքը ադրբեջանցի զինվորականների կողմից սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների չափազանց լուրջ խախտումների մասին է, բայց օմբուդսմենն այդ մասին կա՛մ չգիտի, կա՛մ չի ուզում իմանալ, կամ աշխատում է գրավոր և ոչինչ չի հրապարակում. ճիշտ այնպես, ինչպես իշխանությունները ժամանակին խորհուրդ են տվել Թաթոյանին։

Վերոնշյալ հարցազրույցի նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, Փաշինյանը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում ներկայացրեց Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի հետևանքները, ներխուժման մանրամասները, ինչպես նաև հայտնեց այն «նորությունը», որ Բաքուն մտադիր է զավթել Հայաստանի նոր տարածքներ։ Նա հայտարարեց նաև, որ «Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են մնալ միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում»։

«Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի»,-լավատեսորեն հաղորդեց Հայաստանի դե ֆակտո վարչապետը: Համենայն դեպս հիշեցնեմ, որ ագրեսիայի վերջին գործողությունից անցել է ավելի քան մեկ ամիս, իսկ այսօր լրացավ Նիկոլ Փաշինյանի նշած «մոտ օրերից» 4-րդը։ Սակայն առաջվա պես ոչ մի լուր չկա այն մասին, թե Ադրբեջանը վերջապես թույլ է տվել վերցնել զոհվածների մարմինները։ Եվ ընդհանրապես, ո՞վ ասաց, թե մենք պետք է հավատանք Նիկոլին ու իր հանցակից Ալիևին, որոնց համար մարդկային արյան ու կյանքերի վրա կառուցված ստերը, մանիպուլյացիաները, կեղծիքներն ու կեղտոտ սակարկությունները վաղուց սովորական են դարձել և՛ հռետորաբանության մեջ, և՛ գործողություններում՝ համատեղ հակահայկական քաղաքականության հունով։

Այս մեկ ամսից քիչ ավելի ժամանակահատվածի ողջ ընթացքում ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները բոլոր մակարդակներում վերամբարձ հայտարարում են հայկական տարածքից թշնամու զորքերի հեռանալու անհրաժեշտության մասին՝ ձևանալով վրդովված, զայրացած, պահանջկոտ ու վճռական։ Նույն պահվածքն էր ցուցաբերում ռեժիմը նաև 2021թ.մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանական ավազակախմբերը 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ ներխուժեցին Հայաստանի տարածք և զավթեցին հայկական հողերի առաջին «չափաբաժինը»: Բայց այդուհանդերձ բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է 2021թ.մայիսի 28-ին Փաշինյանի հնչեցրած ցինիկ արտահայտությունը. «Մենք չենք գնալու իրավիճակի սրման էդ Սև լճի 30 տոկոսի պատճառով։ Էդ հարցը կարելի է մի քանի օրվա մեջ լուծել: Առանց նախապայմանի կարելի է զորքերը հետ քաշել, մինչև դիտորդները կգան»։

Այդ ժամանակից ի վեր անցել է ավելի քան մեկուկես տարի. զորքերը ոչ միայն «հետ չեն քաշել», այլև թշնամին զգալիորեն առաջ է շարժվել։ Իսկ հայկական իշխանություններն այս ողջ ընթացքում «դիտորդների» սպասումով լոկ արձանագրում են բռնազավթված տարածքի աճը՝ բացարձակապես ոչինչ չձեռնարկելով զավթիչներին երկրի տարածքից դուրս բերելու համար։

Ամենատարբեր հարթակներում հնչեցվող ամպագոռգոռ հայտարարություններն ու պահանջները, ինչպես նաև օգնության համար արտաքին ուժերին (ՀԱՊԿ-ին ու ԵՄ-ին) դիմելն այս խորապաիկերին ընդամենը ծխածածկույթ են սեփական անգործունակությունը քողարկելու համար: Բայց Արման Թաթոյանի պատմածը վկայում է շատ ավելի սարսափելի ճշմարտության մասին. հայկական իշխանությունները չեն ձգտում, որ թշնամու զորքերը հեռանան Հայաստանի տարածքից, այլ հակառակը, նրանք գործում են բացառապես հօգուտ այն բանի, որ նրանք մնան, խորանան և ամրանան Հայաստանի տարածքում։ Իսկ Փաշինյանի, Միրզոյանի, Գրիգորյանի և այլոց բանավոր արտաթորանքը, կրկնեմ, լոկ քող են, որը ոչ մի կերպ չի կարող շտկել իրավիճակը. ո՛չ Պետդեպարտամենտի հայտարարությունները, ո՛չ Մակրոնի ու Միշելի պահանջները, ո՛չ Մոսկվայի հորդորները բացարձակապես չեն ազդում իրավիճակի վրա։

Պատճառը պարզ է և ակնհայտ. տեղի ունեցող ամենը Արցախի և Հայաստանի հանձման շուրջ երիտհայթուրքերի և ազեր-թուրքական տանդեմի նույն գործարքի արդյունքն է, որն առնվազն չի վիճարկվում արտաքին խաղացողների կողմից։ Դե, և ինչո՞ւ պիտի Պուտինը կամ նույն Մակրոնը ավելի շատ հայ լինեն, քան, կներեք, Փաշինյանը կամ Սիմոնյանը։

Իսկ ամենակարևորը. եթե իշխող ոհմակն իսկապես շահագրգռված լիներ երկրի տարածքից ադրբեջանցի ճիվաղների դուրսբերմամբ, ապա կդիմեր ամենագործուն միջոցին. կդադարեցներ բոլոր բանակցություններն ու հանդիպումները այնքան ժամանակ, քանի դեռ դա չի արվել։ Մինչդեռ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը. գործընթացները առաջ են մղվում արագացված տեմպով, ահագնանալով գործնականում օրեցօր։

Ուստի իրադարձությունների հետագա ընթացքը կանխագուշակելն ամենևին էլ դժվար չէ, քանզի դա լինելու է մայիսի 12-ի անմիջական շարունակությունը. Ալիևը դուրս չի բերի զորքերը, ևս մի քանի օր անց բոլորը վերջնականապես կդադարեն խոսել այդ մասին, իսկ շուտով կհաջորդի զինված ագրեսիայի հերթական գործողությունը և Ադրբեջանի ԶՈՒ-ն կխորանա մեր տարածքում ևս մի քանի կիլոմետր։ Այսպիսի պայմաններում և այս խորապատկերին էլ կանցկացվի սահմանազատումը, որը նախատեսված է ավարտել, ուղիղն ասենք, համաշխարհային ռեկորդի սահմանմամբ. մինչև տարեվերջ։

Այսպիսին է հենց այն «ապագան», որը Փաշինյանը վաղուց արդեն չի էլ ջանում թաքցնել։ Նա գործում է բաց խաղաքարտերով, բացահայտ և ցուցադրաբար խաղալով թուրքերի օգտին և միաժամանակ հմտորեն (նրա ուսուցիչ-տերերը իրենց գործի վարպետն են) պարուրելով Հայաստանի համար կարևորագույն իրադարձությունները կեղծավոր անառակ շաղակրատանքով։ Իսկապես, ո՞վ, բացի Հայաստանի և Արցախի համար արդեն հիրավի չարագուշակ կերպարներ դարձած մի քանի իշխանավորներից, գիտի, թե ինչ է կատարվում, ընդ որում՝ կատաղի տեմպերով, ոչ թե խոսքերով, այլ գործնականում։