Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԻՐԱՆԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՐՁՆ Է՝ ՍԱՆՁԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱԽՈՐԺԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանը Ադրբեջանի հետ սահմանին առաջին անգամ չէ, որ զորավարժություններ է անցկացնում, անցած տարի նման լայնամասշտաբ զորավարժության անցկացումը Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման բերեց: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

 


«Հիմա էլ իրանական կողմի տարածած տեղեկատվությունից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք հակաադրբեջանական գործողության հետ: Խոսքը այնպիսի զորավարժության մասին է, որում ներգրավված են անդրսահմանային գործողություններ իրականացնող ստորաբաժանումներ: Նաև այդ զորավարժությունների ընթացքում իրականացվելու են տարբեր սցենարներ, այդ թվում Արաքս գետի վրա պանտոմային ժամանակավոր կամուրջի շինարարություն, ԱԹՍ-ներով հարվածների հասցնել, բարձունքների նվաճում, նաև բնակավայրերի գրավում անդրարաքսյան գոտում, հետևաբար, ակնհայտ է, թե ինչին են միտված իրանական այս զորավարժությունները: Նաև ծավալները շատ ազդու են և իրանցիները սա օգտագործում են ոչ միայն սեփական բանակը և Իսլամական հեղափոխության պահականների կորպուսը զորավարությունների միջոցով ավելի բարձր պատրաստության բերելու համար, այլ նաև հստակ աշխարհաքաղաքական ուղերձ, որն ունի մեկ նպատակ՝ սանձել ադրբեջանա-թուրքական դաշինքի ախորժակը նաև Սյունիքի մարզի նկատմամբ»,-ասաց իրանագետը:

Անդրադառնալով Իրանի նախագահի հայտարարությանը, որ չեն հանդուրժի սահմանների փոփոխություն, ինչպես նաև տարածաշրջանում օտար ուժերի ներկայություն, Վարդան Ոսկանյանն ասաց. «Իրանի նախագահը, բացի նախազգուշացումից, որ արվեց Ալիևին Ղազախստանում, ևս արդեն Աստանալում նաև Էրդողանին է զգուշացրել: Դա եղել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակահատվածում, Իրանը այդ հարցում ամենակարևոր զսպող գործոններից մեկն է եղել: Այսինքն Իրանի նախագահն ուղղակի Ալիևի օպերատորին՝ Էրդողանին է այդ մասին ասել և զգուշացրել:

Ինչ վերաբերում է այլ կողմերի ներգրավվածությանը, ապա Իրանի նախագահի աշխտակազմից ղեկավարի տեղակալի գրառումը շատ հստակ արձանագրում էր, թե ում նկատի ունեն իրենք: կոնկրետ այդ գրռման մեջ նշված էին եվրոպական տերությունների զինված ուժերի ներկայությունը մեր տարածաշրջանում: Գիտեք, որ ԵՄ-ից առայժմ դիտորդական առաքելություն է գալիս, խոսք կա նաև խաղաղապահ առաքելության մասին: Համենայնդեպս, գոնե փորձագիտական մակարդակում դա քննարկվում է: Իրանցիները նկատի ունեն այս հանգամանքը: Կարծում եմ՝ սա նաև վերաբերում է Հայաստանին: Եվրոպական երկրների խաղաղապահ առաքելությունն Իրանի կողմից դիտարկվելու է որպես ՆԱՏՕ-ական առաքելություն: Բայց Իրանի կողմից բազմաթիվ են նախազգուշացումները նաև Ադրբեջանին՝ իսրայելական ներկայության վերաբերյալ: վերջին զորավարժությունները նաև նպատակ են հետապնդում ներառել նաև Իսրայելին հնարավոր հակազդում Ադրբեջանի տարածքից: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերածվել է Իսրայելի պլացդարմի՝ հակաիրանական գործողություններ իրականացնելու համար: իրանցիները սա շատ լավ գիտեն»:

Իրանագետը նաև նշեց, որ Արցախից բռնազավթած տարածքներում Ադրբեջանը օդանավակայանների ցանց է կառուցում, որոնք միտված են լինելու ապահովելու հակաիրանական, հակահայկական և հակառուսական գործողություններ. «Այդ օդանավակայաններն ունեն բացառապես ռազմական նշանակություն և ուղղված են Իրանի, Հայաստանի, ռուսաստանի դեմ, օգտագործվելու են Իսրայելի և ՆԱՏՕ-ական այլ երկրների կողմից: Իրանը այս բոլորը հասկանում է և պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքային ռազմական հարվածներ հասցնելուն կամ Ադրբեջանի կողմից Արցախից բռնազավթված տարածքներ իրանական զորքի մուտքին:

Իսրայելա-ադրբեջանական գործակցություն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ, բայց Ադրբեջանը դա օգտագործում է նաև Հայաստանի դեմ: Նաև Իսրայելի վարքագիծը չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, որովհետև իսրայելական ԱԹՍ-ները օգտագործվում են Հայաստանի դեմ, բայց չեն օգտագործվել Իրանի դեմ»:

News.am