Daily Beast․ ԲԱՅԴԵՆԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆԻ ԴԵՌ ՇԱՏ ՈՒՇ ՉԷ
«Միլիոն հայ սպանված կամ վտարված է», «Պատմիր Հայաստանում սարսափի մասին», «Հայերին ուղարկում են մեռնելու անապատում»։ Սրանք ընդամենը մի քանիսն են 1915 թվականի The New York Times-ի վերնագրերից, որոնք նկարագրում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, երբ ավելի քան 1,5 միլիոն հայեր սիստեմատիկորեն կոտորվեցին թուրք օսմանների կողմից՝ մի իրադարձություն, որը թուրքական կառավարությունը մինչ օրս հերքում է: Չնայած ճնշող ապացույցներին, աշխարհն այդ պահին ձեռքերը ծալած նստած էր և ոչինչ չէր անում, գրում է Ստեֆան Պեչդիմալջին Daily Beast-ի հոդվածում:
«Իր վերջին նախագծում հայտնի ամերիկացի վավերագրող կինոռեժիսորը Քեն Բերնսը ուսումնասիրել է Ամերիկայի արձագանքը (կամ դրա բացակայությունը) Հոլոքոստին և նրա անտարբերությունը 20-րդ դարի ամենամեծ մարդասիրական ճգնաժամերից մեկը կանխելու հարցում` հարցնելով, թե համապատասխանում է արդյոք ազգը իր սկզբունքներին և իդեալներին։
ԱՄՆ-ն ցեղասպանությունը կանխելու կամ դադարեցնելու ձախողման երկար պատմություն ունի, թեև ունի դատարկ հայտարարությունների հարուստ պատմություն, ինչպիսին է «Այլևս երբեք»-ը: Անկախ նրանից, թե դա նախագահ Բիլ Քլինթոնի մեղքն էր, որ նա 1994 թվականին չմիջամտեց Ռուանդայի ցեղասպանությանը, թե Թրամփի վարչակազմի բարձրագոչ, բայց անհիմն մեղադրանքը Չինաստանում ույղուրների ցեղասպանության վերաբերյալ, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ուժեղ է եղել խոսքով, բայց ոչ գործով:
Ահա թե ինչու այժմյան ճգնաժամը Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը ներկայումս ռազմական հանցագործություններ և վայրագություններ է իրականացնում հայերի դեմ, Բայդենի վարչակազմին հնարավորություն է տալիս փոխել այդ պատմությունը:
2020 թվականի աշնանից Ադրբեջանը՝ նավթային դիկտատոր Իլհամ Ալիևի գլխավորած երկիրը, վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի պատճառով Հայաստանի հետ լարվածությունը դեպի էսկալացիա է տանում՝ սանձազերծելով անօրինական պատերազմ և չհրահրված հարձակումներ։
Հայերը, ինչպես և ես, Ադրբեջանի կողմից ագրեսիայի այս վերջին ակտերը դիտարկում են որպես 1915 թվականի ցեղասպանության շարունակություն և իրենց գոյության սպառնալիք:
Ես մեծացել եմ՝ լսելով պատմություններ այն մասին, թե ինչպես են իմ տատիկն ու պապիկը վերապրել Հայոց ցեղասպանությունը: Ես լսել եմ, թե ինչպես է պապս 15 տարեկանում ցերեկը թաքնվում խոտի դեզում, որպեսզի իրեն չտանեն թուրք զինվորները։ Եվ ես լսել եմ, թե ինչպես են նրա հորն ու եղբորը տարել, և նրանց այլևս երբեք չեն տեսել։ Ես երբեք չեմ մոռանա այն պատմությունը, թե ինչպես է նա փախել Սիրիայի անապատներով և հասել Հալեպ, որտեղ աշխատել է որպես զոդող, որպեսզի բավարար գումար վաստակի՝ ի վերջո Կահիրեում հաստատվելու համար:
Բայց նրա պատմությունը կարելի էր կանխել, եթե միջամտեին հզոր տերությունները: Ցավոք, այս պատմությունը կրկնվում է։
Հիմք ընդունելով Օսմանյան կայսրության սցենարը՝ Ադրբեջանը տարածաշրջանում հայերին ոչնչացնելու արշավ է սկսել։ Ալիևի հակահայկական հռետորաբանությունը նպաստեց ատելության մթնոլորտի առաջացմանը, որը տարածվել է ադրբեջանական հասարակության մեջ և մարտի դաշտերում:
Այս թշնամանքի մասին է վկայում այն, թե ինչպես են ադրբեջանական զորքերը վերաբերվում հայ ռազմագերիների հետ։ Օրինակ, վերջերս հայտնվել են տեսաապացույցներ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները մահապատժի ենթարկում գերի ընկած հայ զինվորների փոքր խմբին:
Շարունակվում են տեղեկություններ գալ պղծման, վանդալիզմի ակտի և Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային վայրերի, այդ թվում հարյուրավոր տարիներ գոյատևած եկեղեցիների և վանքերի ոչնչացման մասին:
«Genocide Watch»-ը՝ ԱՄՆ-ում իրավապահ հասարակական կազմակերպությունը, վերջերս Ադրբեջանի կողմից ցեղասպանության նախազգուշացմամբ է հանդես եկել և կոչ է արել պատժամիջոցներ կիրառել, եթե հարձակումները շարունակվեն: Եվ ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ ռուսական ագրեսիան արժանացել է համաշխարհային դատապարտման և հեղձուցիչ պատժամիջոցների, Ադրբեջանի իշխանությունը լիարժեք ազատություն է ստացել արևմտյան կառավարություններից։ Ամեն դեպքում, նա իր արարքի համար պարգևատրվել է։
Ամռանը Եվրամիությունը մինչև 2027 թվականը գազի ներկրումը կրկնապատկելու մասին համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ալիևին անվանել է «վստահելի գործընկեր»: Սա այն նույն «վստահելի գործընկերն» է, որը պարբերաբար հայտնվում է միջազգային մարդու իրավունքների խախտողների ցուցակներում, և որն անցյալ տարի մայրաքաղաք Բաքվում շահագործման է հանձնել «Ռազմական ավարների այգին», որտեղ ցուցադրված են պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորներից առգրավված հարյուրավոր սաղավարտներ:
Այգում կան նաև գերեվարված զինվորների մոմե մանեկեններ, որոնք պատկերված են չափազանցված ծաղրանկարների օգնությամբ: Այս մանեկեններից շատերը ցուցադրվում են իրենց մահվան պահին կամ շղթայված են բանտախցերին:
Նախագահ Բայդենը եկավ իշխանության՝ հայտարարելով, որ մարդու իրավունքները լինելու են իր արտաքին քաղաքականության կենտրոնում, սակայն նա ոչինչ չարեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Այն, ինչ նա արեց, Ադրբեջանին ավելի շատ ռեսուրսներ տալն է՝ չեղյալ համարելով «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածը, որն արգելում է ռազմական օգնությունը Բաքվին։ Ադրբեջանին վերահսկողության տակ պահելու փոխարեն՝ Բայդենը խրախուսում է Ալիևին շարունակել իր անխոհեմ ու արատավոր պահվածքը Հայաստանի նկատմամբ։
Հասկանալի է, որ ամերիկահայերը Միացյալ Նահանգների ռազմական միջամտության կոչ չեն անում: Վերջին բանը, ինչ պետք է այս երկրին, հերթական հավերժական պատերազմն է։ Բայց մենք ցանկանում ենք, որ մեր կառավարությունը ճանաչի Հայաստանի դեմ կատարված հանցագործություններն ու վայրագությունները, և որ մարդու իրավունքները խախտողները՝ Ալիևի նմանները, պատժվեն, ոչ թե պարգևատրվեն։
Ինչու՞ պետք է ամերիկացիներին հետաքրքրի, թե ինչ է տեղի ունենում աշխարհի հեռավոր մասում գտնվող փոքր երկրի հետ: Որովհետև պատմությունը ցույց է տվել, որ ոչ մեծ հրդեհները կարող են վերածվել ավելի խոշոր անտառային հրդեհների:
Ահա թե ինչու է Ամերիկային ձեռնտու պատասխանատվության ենթարկել այնպիսի երկրներին, ինչպիսին է Ադրբեջանը: Ջո Բայդենը ցույց է տվել, որ ունի համարձակություն՝ խուլիգաններին դիմակայելու համար: Նա դա արել է Թրամփի հանդեպ։ Նա դա արել է Պուտինի հանդեպ։ Այժմ նա հնարավորություն ունի նույնն անել Ալիևի՝ ԱՄՆ-ի համար համեմատաբար շատ ավելի փոքր սպառնալիք հանդեպ:
Եթե Բայդենն իսկապես ցանկանում է պաշտպանել ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքները, ապա նա կանի այն, ինչը ճիշտ է, և հոգ կտանի, որ «Այլևս երբեք» արտահայտությունն իսկապես ինչ-որ բան նշանակի»։