Իշխանությունները կմիավորեն երկու բուժհաստատություններ և կստեղծեն «Երևան» բժշկական կենտրոն
Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտը կմիավորվի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հետ: Համապատասխան որոշումն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընդունվեց Երևանի ավագանու նիստում։
Արդյունքում կստեղծվի «Երևան» բազմապրոֆիլային բժշկական կենտրոն։ Ամբողջ գործընթացը կտևի մոտ մեկ տարի։
Որոշումը հիմնավորվում է նրանով, որ չնայած 2017-2021 թվականների պետպատվերի շրջանակում ծառայությունների ֆինանսավորման ծավալի աճին, Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտում միջոցները դեռևս բավարար չեն հաստատության նորմալ գործունեությունն ապահովելու համար: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել միջոցներ ձեռնարկել ֆինանսական մուտքերն ավելացնելու ուղղությամբ։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ով վերահսկում է մայրաքաղաքի առողջապահության ոլորտը, ասաց, որ նոր ԲԿ-ում սարքավորումներ ձեռք բերելու համար բյուջեից կհատկացվի 600 մլն դրամ (մոտ 1,5 մլն դոլար-խմբ.)։
Նա հավաստիացրեց, որ կադրային կրճատում նախատեսված չէ, ուստի բոլոր աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատանքը։
«Ընդհանուր առմամբ այս տարի քաղաքի բուժհաստատությունների համար արդեն ձեռք է բերվել 230 մլն դրամի 30 միավոր բուժսարքավորում։ Բացի այդ, պոլիկլինիկաները ենթարկվելու են խորը թվայնացման»,- ասաց պաշտոնյան։
News.am