Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ ԳՆԱՀԱՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՄԱՐՏԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ես տեսնում եմ ոչ մեծ ռազմական գործողությունների և նույնիսկ լայնածավալ պատերազմի հավանականություն։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը մասամբ զսպում է ռուսական ներկայությունը Հայաստանում, սակայն որքան շատ խնդիրներ ունենա Ռուսաստանը Ուկրաինայում, այնքան Մոսկվան ավելի քիչ ուշադրություն կդարձնի Հայաստանին։
Նա նշեց, որ ԱՄՆ-ը բազմիցս ասել է, թե պատրաստ չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը, հետևաբար այն ցանցը, որն անընդհատ խոսում է այդ մասին Հայաստանում, սպասարկում է միայն թուրքական շահերը։
«Բայց, ընդհանուր առմամբ, Ադրբեջանը թքած ունի բոլոր պայմանավորվածությունների վրա։ Նրանք սկսում են պայմանավորվել միայն ժամանակը ձգձգելու համար, օրինակ՝ ցանկացած մարտական դիրք գրավելուց հետո, այնուհետև նոր հարձակման են անցնում։ Այդպես է եղել մշտապես 44-օրյա պատերազմից հետո։ Նույնը տեղի ունեցավ Ջերմուկի վրա հարձակման դեպքում»,- ընդգծեց Վրթանեսյանը։
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայկական կողմի ե՛ւ մարդկային, ե՛ւ տարածքային կորուստները, ըստ փորձագետի, երեք անգամ գերազանցել են 2016 թվականի ապրիլին կրած կորուստները։
«44-օրյա պատերազմից անմիջապես հետո ասացի, որ սա նոր պատերազմի սկիզբ է կամ նույն, չավարտված պատերազմի նոր փուլ։ Ադրբեջանը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ նրան արժանի դիմադրություն ցույց չեն տվել և լուրջ հարվածներ չեն հասցվել։ Ադրբեջանին այս պահին բանակցություններ պետք չեն, նա արդեն ներթափանցել է Հայաստանի տարածք ու առաջ է գնում։ Հիշեցնեմ, որ արդյունքում, ինչպես իշխանություններն են ասում, «բանավոր պայմանավորվածությունների» հետևանքով հանձնվել են կարևոր տարածքներ, բարձունքներ, նույն Գորիս-Կապան ճանապարհը, որը դեպի Իրան է տանում»,- ընդգծեց Վրթանեսյանը։
Իսկ դիվանագիտական ճանապարհով իրավիճակը փոխելու համար փորձագետը կոչ արեց նախ զարգացնել տնտեսական, ռազմական և քաղաքական ներուժը։
«Դրա համար պետք չէ դաշնակիցներին քո դեմ տրամադրել: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ խաղաղապահ ուժերն ի վիճակի չեն պաշտպանել մի կողմը մյուսից, եթե առաջինը չի կարող ինքն իրեն պաշտպանել։ Ինչպե՞ս, ուրեմն, այդ դեպքում ԵՄ քաղաքացիական առաքելությունը կկանգնեցնի Ադրբեջանին։ Առաջին գնդակոծության ժամանակ նրանց այնտեղից կտարհանվեն։ Սա կարող է լինել մեխանիզմներից մեկը, բայց ոչ միակը։
2016 թվականի ապրիլյան մարտերից հետո Հայաստանի դիվանագիտական աշխատանքի արդյունքում Ալիևը խոստովանում էր, որ իր վրա ճնշում է գործադրվել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Իսկ այժմ սոցիալական ցանցերում մենք տեսնում ենք միայն ձայնագրություններ, որոնք Բաքուն օգտագործում է իր շահերի համար»,- հավելեց նա։