ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱԿԱՆ Է ԴՆՈՒՄ

Ինչո՞ւ պիտի օտարերկրյա քաղաքացին 150 հազար դոլար ներդնի Հայաստանի տնտեսության մեջ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Ո՞րն է օտարերկրացու շահագրգռվածությունն ընդհանրապես, և առավելևս եթե հաշվի առնենք անբարենպաստ խորապատկերը. ներդրումային մթնոլորտից, քաղաքական այսրոպեական նպատակահարմարությամբ փոփոխվող օրենսդրությունից մինչև անվտանգության բացակայություն, պատերազմի մշտական սպառնալիք։ Այս և բազմաթիվ այլ հարցեր են թերևս ծագում ցանկացած ողջախոհ քաղաքացու գլխում՝ կառավարության նոր նախաձեռնության առնչությամբ, որը վերաբերում է 150 հազար դոլարի չափով ներդրումների դիմաց ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգին։

Ոստիկանության կողմից մշակված օրինագիծը տեղադրված է նորմատիվ ակտերի e-draft.am միասնական համակայքում, իբր՝ հանրային քննարկման համար։ Ասում ենք՝ իբր, որովհետև եթե իշխանությունը մտադրվել է նման օրենք ընդունել, ապա ոչ մի հանրային կարծիք նրա համար որոշիչ չէ, քանզի մեր «ժողովրդավարության բաստիոնը» վաղուց արդեն առաջնորդվում է «հասարակական կարծիքը նրանց կարծիքն է, ում չեն հարցնում» սկզբունքով։ Փաստաթղթի նախագծում թվարկված են հայկական անձնագիր ստանալու ավելի քան 10 հիմքեր։

Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն կարող է տրվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Այժմ ոստիկանությունն առաջարկում է փոխել և հստակեցնել «նշանակալի ավանդի» չափորոշիչները և դարձնել դա ավելի նյութական, որպեսզի մարդիկ իմանան, թե որքան պետք է լինի այդ «ավանդը» ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Մասնավորապես, տնտեսության ոլորտում «նշանակալի ավանդի» տակ կառավարությունն առաջարկում է հասկանալ, օրինակ, կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով առնվազն 150 հազար դոլարի չափով դրամական միջոցների անհատույց տրամադրումը։ Կամ, ասենք, առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում առնվազն 150 հազար դոլարի ներդրումը (բաժնետոմսերի, բաժնեմասի ձեռքբերում) առնվազն 10 տարի ժամկետով, կամ 150 հազար դոլարի չափով պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 7 տարի ժամկետով։ Կամ առնվազն 150 000 ԱՄՆ դոլար արժողությամբ անշարժ գույքի ձեռքբերումը, կամ էլ պետության կողմից հավանության արժանացած ցանկացած ներդրումային ֆոնդում 150 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրումն առնվազն 10 տարի ժամկետով և այլն: Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և բժշկության ոլորտներում «նշանակալի ավանդի» նկարագրությունը համանման է, պարզապես այնտեղ չեն նշվում ստույգ գումարները:

Ակնհայտ է, որ այս օրինագիծը, որը բխում է, ինչպես մատնանշում են դրա նախաձեռնողները, «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների կիրարկումն ապահովելու համար 2022թ. հուլիսի 29-ին վարչապետի ընդունած որոշումից, դանդաղ գործողության ական է։ Վերոնշյալ կետերին նետած հպանցիկ հայացքն անգամ բավական է՝ հասկանալու համար կառավարության այս նախաձեռնության ողջ վտանգավորությունը, եթե դրանում չկա ազգային հատկանիշով ոչ մի սահմանափակում։ Եվ դրա համար բնավ պետք չէ խելքի ծով լինել։ Հասկանալի է, որ ՀՀ քաղաքացիությունը չի տալիս ոչ մի արտոնություն, ինչպիսիք են, օրինակ, ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը կամ գերբարենպաստ ներդրումային միջավայրը՝ դրանից բխող բոլոր արտոնություններով ու միլիոնանոց եկամուտներով։ Ուրեմն ինչո՞վ է շահագրգռված օտարերկրացին, որպեսզի առնվազն 150 հազար դոլար ներդնի հայկական անձնագիր ստանալու համար։

Ակնհայտ է, որ հասարակության միջավայրում առանց այդ էլ չդադարող խոսակցությունները՝ հայկական շինարարության ոլորտում, պետական պարտատոմսերում ներդրված թուրքական կապիտալի մասին, այդ կերպ միանգամայն իրական ուրվագծեր են ստանում։ Այս փաստաթղթի ընդունումից հետո ի՞նչը կարող է խանգարել մեր «խաղաղ» թշնամիներին ընդամենը 150 հազար դոլար գումարի անշարժ գույք, պարտատոմսեր, ընկերությունների բաժնետոմսեր, բաժնեմասեր գնել և այդ կերպ ստանալ կապույտ անձնագիր: Իսկ դառնալով ՀՀ քաղաքացի՝ մասնակցել ընտրություններին, ազդել ներքաղաքական կյանքի, երկրի կառավարման վրա և այդպիսով վճռել հայ ժողովրդի ճակատագիրը։ Համաձայնեք, բավական հարմար մեթոդ է՝ այդպիսի չնչին գումարներով յուրօրինակ «աջարականացման» ենթարկելու Հայաստանը, հնարավորություն ստանալով փոխել և՛ բնակչության էթնիկական կազմը, և՛ կյանքը երկրի ներսում (իշխանության կազմում իրենց ներկայացուցիչներով, հասարակական, կրոնական իրենց կազմակերպություններով և քաղաքացիական նախաձեռնություններով), իսկ հետագայում՝ նաև արտաքին ուրվագծերը