Սուրովիկին․ Իրավիճակն ընդհանուր առմամբ լարված է

Ռազմական հատուկ գործողությունների գոտում իրավիճակն ընդհանուր առմամբ լարված է։ Այս մասին լրագրողներին ասել է հատուկ ռազմական գործողության անցկացման շրջանում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը։

«Հակառակորդը չի դադարում ՌԴ զորքի դիրքերը գրոհելու փորձերը։ Նախևառաջ դա վերաբերում է Կուպյանսկի, Կրասնոլիմանի և Նիկոլաև–Կրիվոյ Ռոգ ուղղություններին», – ասել է հրամանատարը։

Սուրովիկինը հայտարարել է, որ Կիևը ողջ պահուստային զորքը, այդ թվում` թույլ պատրաստված տարածքային պաշտպանությունը, մոտեցնում է ՌԴ պաշտպանությունը ճեղքելու համար։

«Ուկրաինական ռեժիմը ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը։ Հաշվի առնելով դա` Ուկրաինայի ԶՈւ–ն առաջնագիծ է ուղղում առկա ողջ պահուստը։ Հիմնականում դրանք տարածքային պաշտպանության ուժերն են, որոնք լիարժեք պատրաստություն չեն անցել։ Ուկրաինայի ղեկավարությունը փաստացի նրանց ոչնչացման է դատապարտում», – ասել է հրամանատարը։

Նրա խոսքով` որպես կանոն, նման ստորաբաժանումները ցածր բարոյական նկարագիր ունեն։

«Առաջնագծից փախուստը կանխելու համար Ուկրաինայի իշխանությունը ազգայնականներից բաղկացած արգելափակիչ ջոկատներ է կիրառում, որոնք գնդակահարում են բոլոր նրանց, ովքեր փորձում են լքել մարտի դաշտը», – հավելել է Սուրովիկինը։

Ուկրաինական կողմի կորուստների մասին խոսելիս` գեներալը հայտնել է, որ հակառակորդն օրական 600-1000 մարդ է կորցնում, այդ թվում են նաև վիրավորները։

«Մենք առաջխաղացման բարձր տեմպերի չենք ձգտում, պահպանում ենք յուրաքանչյուր զինվորի և հետևողականորեն ոչնչացնում գրոհող հակառակորդին», – հավելել է հրամանատարը։

Ըստ նրա` այդպիսով ոչ միայն նվազագույնի են հասցնում իրենց կորուստները, այլև զգալի կրճատվում զոհերի թիվը խաղաղ բնակիչների շարքում։

Ինչպես նշել է Սուրովիկինը, Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունները հաստատում են ռուսական ավիացիոն համալիրների և ՀՕՊ միջոցների արդյունավետությունը։

Նրա տվյալների համաձայն` հատուկ գործողությունների ողջ ընթացքում օպերատիվ–մարտավարական, բանակային և հեռավոր ավիացիայի անձնակազմերն ավելի քան 34 հազար մարտական թռիչք են կատարել և ավելի քան 7 հազար կառավարվող ավիացիոն խոցման միջոց կիրառել։

Sputnik Արմենիա