Գարիկ ՄԻՍԱԿՅԱՆ․ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Ի՞ՆՉ ՄԵՍԻՋ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԻՐԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

Զորավարժությունների միջոցով Իրանը ցույց է տալիս, որ իրավիճակը Հարավային Կովկասում իր վերահսկողության տակ է և մեսիջ է ուղարկում ոչ միայն տարածաշրջանի պետություններին, այլև արտատարածաշրջանային տերություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանական զորավարժությունների մասին նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժությունները մեկնարկել են այսօր առավոտյան Ադրբեջանի հետ պետական սահմանի երկայնքով։ Զորավարժություններն անցկացվում են տարեկան ժամանակացույցի համաձայն՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով:

«Հատկանշական է, որ զորավարժություններն անցկացնում է ոչ թե իրանական բանակը, որը պատասխանատու է երկրի տարածքային ամբողջականության ու անվտանգության համար, այլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն իր հերթին պատասխանատու է Իրանի տարածքից դուրս ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Զորավարժությունների բնույթը, որի ընթացքում իրականացվելու են ենթակառուցվածքներ գրավելուն միտված վարժանքներ, ինչպես նաև հարվածային ու լրտեսական անօդաչուների կիրառությամբ գործողություններ, վկայում է, որ դա հստակ ուղերձ է Իրանի սահմաններից դուրս որևէ սպառնալիքի դեպքում հակազդեցություն ցուցաբերելու մասին»,–ասաց իրանագետը։

Միսակյանի դիտարկմամբ` Իրանը, զորավարժություններ անցկացնելով, առհասարակ լուծում է մի քանի խնդիր։ Իրանի նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իրանի ներքին խնդիրները չեն շեղելու ուշադրությունն անվտանգության խնդիրներից` նկատի ունենալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը։

Ըստ նրա` զորավարժությունների անցկացումն արդեն իսկ գործնական քայլ է` հաստատելու իրանական կողմի նպատակադրությունն ավելի ամրացնելու անվտանգության բաղադրիչը նաև տարածաշրջանային գործընթացների համապատկերում։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Իրանը միշտ խուսափել է սեփական սահմանների մոտ իրավիճակի թեժացումից, բայց եթե լուրջ և ակնհայտ սպառնալիքներ լինեն, ապա իրանական զինուժն առանց երկմտելու կմտնի ռազմական գործողությունների մեջ։

«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հանդես են գալիս նաև այնպիսի հայտարարություններով, որ չեն հանդուրժի օտարերկրյա, հատկապես արևմտյան երկրների ռազմական ներկայությունը տարածաշրջանում, և եթե հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելիք դիտորդական առաքելությունն ունենա ռազմական բաղադրիչ, ապա Իրանն իր մտահոգությունները կհայտնի նաև Հայաստանին»,–ասաց իրանագետը։

Միսակյանը նշեց, որ իրանական կողմը մտահոգություններով լի մեսիջ է ուղարկում նաև Ադրբեջանին` կապված իսրայելական ներկայության հետ հարևան երկրում, այսինքն` խնդիրը չի առնչվում միայն ԵՄ դիտորդներին։

Իրանը մյուս կողմից էլ ուշադրությամբ կհետևի Հայաստանի իշխանության քայլերին, և եթե իրանական կողմի շահերին հակասող փաստաթղթեր չստորագրվեն, պաշտոնական Թեհրանը կսահմանափակվի միայն արտգործնախարարի` սթափության կոչող հայտարարություններով։

Sputnik Արմենիա