ՀՀ ՊՆ․ Բաքուն խոչընդոտում է զոհված զինծառայողների դիակների որոնողական աշխատանքներին

Ադրբեջանական կողմը մինչ այս պահը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Պիտի արձանագրենք նաև, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը»,- նշեց Թորոսյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անհետ կորած է համարվում 29 հայ։