Փոխոստիկանապետ․ Ադրբեջանի քաղաքացի ասածը շատ հարաբերական է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ներկայացրած նոր նախագծին, ըստ որի օտարերկրյա քաղաքացին, եթե Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլարի ներդրում է կատարում, ապա կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

 


«Բացառապես 150 հազար ներդրման դիմաց չէ, որ մարդիկ կարող են քաղաքացիություն ստանալ, սահմանում ենք այլ չափորոշիչներ ևս: Սա դեռ օրենիք նախագիծ է, իսկ մանրամասն դրույթներ կսահմանվեն արդեն կառավարության որոշմամբ, որով այն ռիսկերը, որոնք տեսնում ենք, հնարավորինս կբացառվեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ադրբեջանցիներն ու թուրքերը ևս կարող են 150 հազարի ներդրում անել և դառնալ ՀՀ քաղաքացի, Ֆիդանյանն ասաց. «Նախ քաղաքացիության տրամադրումը սահմանվելու է սահմանափակ թվաքանակությամբ անձանց համար: Ազգություն որպես այդպիսին չենք կարող սահմանել օրենքում, սակայն բոլոր ռիսկերը միանշանակ հաշվի առնվելու են: Այստեղ կան թե տարատեսակ հանցավոր անձջանց, փողերի լվացման մեջ ներգրավված անձանց հետ կապված»:

Նա ընդգծեց, որ 150 հազար դոլարի շեմ սահմանելիս ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը. «Եթե իրապես ցանկանում ենք ապահովել գրավչություն, պետք է կարողանանք նաև ապահովել մրցակցությունը այլ երկրների հետ»,- ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետից լրագրողները հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի քաղաքացին նու՞յնպես կարող է ներդրում անել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն ռիսկ չկա՞։

«Էստեղ շատ հարաբերական է Ադրբեջանի քաղաքացի ասածը։ Նույն տրամաբանությամբ, կարող է, օրինակ, ազգությամբ ադրբեջանցի լինել, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենալ։ Հետևաբար, կենտրոնանալ բացառապես քաղաքացիության գործոնի վրա, մենք չենք պատրաստվում: Կառավարության որոշմամբ մենք բոլոր ռիսկերը կփորձենք հնարավորինս հարթել»,-ասաց փոխոստիկանապետը:

News.am