ԱՀԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԴՈՒՌՆ ԷԼ ԹԱԿԵՑ. ՈՒՇԱՑՈՒՄՈ՞Վ ՉԷ ԱՐԴՅՈՔ «ԶԱՐԹՆԵԼ ԲՐՅՈՒՍՈՎԸ»

Հոկտեմբերի 12-ից ի վեր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները բողոքի ցույցեր, երթեր և այլ միջոցառումներ են անցկացնում՝ բողոքելով իրենց համալսարանը երկու այլ բուհերի հետ միավորելու դեմ։ Ակցիաներ տեղի են ունենում գործնականում ամեն օր, ուսանողները հայտարարում են, որ թույլ չեն տա իրականացնել կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվելու են Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։

Թե որքանով է ճիշտ երեվանյան բուհերի միավորումը կրթական համակարգի տեսանկյունից և որքանով է արդարացված այդ առումով տվյալ նախագիծը, հանձն չեմ առնի դատել. այդ հարցին կարող են պատասխանել միայն ոլորտի մասնագետները: Բայց հենց միայն այն, որ նախաձեռնությունը բխում է այն իշխանություններից, որոնք մինչ այժմ ոչ մի անգամ չեն նկատվել պետական կառավարման որևէ ոլորտում գրագետ ու պրոֆեսիոնալ որոշումներ կայացնելու մեջ, որ Փաշինյանի կառավարությունն ամբողջ չորսուկես տարվա ընթացքում չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի շահերին համապատասխանող ոչ մի քայլ, արդեն իսկ խոսուն փաստ է։ Եվ, համապատասխանաբար, ի սկզբանե միանշանակ դեմ է տրամադրում նրանց ցանկացած նախաձեռնությանը։

Սակայն տեղի ունեցող ամենի մեջ կա մի տեսանկյուն, որը դուրս է գալիս զուտ կրթական, վարչական և վարչարարական խնդիրների շրջանակներից: Ավելի կոնկրետ՝ այն ամենը, ինչը կապված չէ Հայաստանի և Արցախի գլոբալ անվտանգության հետ, այն ամենը, ինչն ուղղված չէ հայոց պետականությանը սպառնացող գոյաբանական վտանգների չեզոքացմանը, այն ամենը, ինչը չի կարող կանխել երկրի գլխավերևում կախված աղետը, ընդամենը անկարևոր և ոչ մի նշանակություն չունեցող մանրուքներ են։ Որքան էլ դրանք ծանրակշիռ թվան անմիջականորեն ներգրավված քաղաքացիներին և մարդկանց ինչպիսի քանակ էլ որ շոշափեն:

Պատճառը պարզ է. վաղը, երբ թուրքը մտնի արդեն Երևան և բնակռի նաև Թումանյան փողոցում, որտեղ գտնվում է համալսարանը, բացարձակապես կարևոր չի լինի, թե ով ում հետ է միավորվում։ Որովհետև այդ ժամանակ արդեն պարզ կլինի բոլորին. աղետը տեղի ունեցավ, որովհետև մենք բոլորս չմիավորվեցինք ամենակարևոր ու ամենագլխավոր հարցում՝ մեր Հայրենիքի փրկության գործում։ Այսօր բրյուսովյան ուսանողները բողոքի ակցիաների են դուրս գալիս բուհերի միաձուլման դեմ, իսկ իմ աչքի առջև մի քանի ամսվա վաղեմության պատկերն է։ «Երիտասարդության ձայնը» նախաձեռնությունն այն ժամանակ իրազեկման ակցիաներ էր անցկացնում մայրաքաղաքի բուհերում, և ապրիլի 27-ին նրանք այցելեցին Վ.Բրյուսովի անվան այժմ ապստամբած համալսարան։

Ահա ուրեմն, բրյուսովցիներից ոչ մեկը դուրս չեկավ ու չմիացավ իրենց հասակակիցներին, որոնք Հայաստանի և Արցախի դրոշները ձեռքին վանկարկում էին «Բրյուսով, զարթնի՛ր»։ Ոչ մեկը։ Ավելին, ինչպես այն ժամանակ հաղորդեցին ԶԼՄ-ները, ցուցարարներին պարզաբանել էին, թե նրանք, իբր, խանգարում են պարապմունքներին, իսկ լսարաններում նստած ուսանողները լուռ ու անտարբեր նայում էին ակցիայի մասնակիցներին։ Հայաստանի և Արցախի ճակատագիրը կա՛մ չէր հուզում նրանց, կա՛մ ամեն ինչ բավական ճղճիմ է. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները քաղաքականությամբ չեն հետաքրքրում ու չեն զբաղվում։ Թե ինչ է լինում նման դեպքերում, հայտնի է բոլորին, և փայլուն կերպով հաստատվեց նաև այս անգամ. քաղաքականությունը եկավ իրենց «տուն» և զբաղվեց արդեն իրենցով։ Այո, հենց այդպես, քանզի այն ամենը, ինչ բխում է թուրքամետ փաշինյանական խունտայից, հակահայկական քաղաքականություն է՝ անկախ նրանից, թե կոնկրետ ինչ և որ ոլորտում է արվում։

Մինչդեռ երկու տարի առաջ՝ 2020-ի դեկտեմբերին, համահայկական պահանջին համահունչ, նույն այդ բուհի 130 դասախոսներ և ուսանողներ հանդես եկան հայտարարությամբ, որով միացան Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջին։

«Այսօր, երբ մեր հայրենիքը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության արդյունքում հայտնվել է աննախադեպ մարտահրավերների առջև, որոնք ներկա իշխանությունը ի զորու չէ հաղթահարել, մենք ակնկալում ենք սահմանադրական ճանապարհով հնարավորինս արագ ձևավորել արհեստավարժներից կազմված կառավարություն, որը կկանխի պետականության փլուզումը և կվերականգնի մեր ոտնահարված ազգային արժանապատվությունը, կապահովի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը, հրատապ կլուծի անհայտ կորած, գերեվարված զինվորների և քաղաքացիների խնդիրները, կկազմակերպի պատշաճ աջակցություն պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին և վտանգված համայնքներին, կվերականգնի երկրի դիվանագիտական հարաբերությունները և միջազգային համբավը, կկասեցնի մոտալուտ ֆինանսական ճգնաժամը և ոտքի կկանգնեցնի կաթվածահար եղած տնտեսությունը», ասվում էր հայտարարության մեջ։

ВОТ ПОЛИТИКА К ВАМ И ПРИШЛА: НЕ ПОЗДНОВАТО ЛИ «БРЮСОВ ПРОСНУЛСЯ»?

2020-ի դեկտեմբերից անցած ժամանակահատվածում իրավիճակը լոկ վատթարացել էր բազմապատիկ, պետականության փլուզումն անխուսափելիորեն մոտենում էր, նսեմացված ազգային արժանապատվությունը՝ ոտնահարվում այս իշխանությունների կողմից ամեն օր ու ամեն ժամ, պետական սահմանների անձեռնմխելիությունը գրեթե մեկ տարի (հիմա արդեն՝ մեկուկես) կոպտորեն խախտված էր թշնամու կողմից... Բայց 2022-ի ապրիլին բրյուսովցիներն այդ ամենի նկատմամբ արդեն անտարբեր էին։ Եվ «զարթնեցին» միայն այն ժամանակ, երբ իմացան այլ համալսարանների հետ միավորման ծրագրերի մասին: Ոչ միայն զարթնեցին, այլև դուրս եկան փողոց ու բողոքի ցույցեր սկսեցին։ Հայրենիքը ոչինչ է, համալսարանը՝ ամեն ի՞նչ:

Զարմանալի է նաև բուհի ղեկավարության մանկամտությունը (այլ կերպ չես անվանի)։ Պարզվում է, որ նրա ռեկտորը մինչև հիմա հույսեր է կապում այն սուբյեկտի հետ, որը թուրքերին է հանձնել է Արցախը և հետևողականորեն հանձնում է Հայաստանը, նրա, ով կարծես թե վաղուց արդեն նողկալի է ցանկացած կիրթ ու ողջամիտ մարդու համար և վայելում է միմիայն «ժեխի» աջակցությունը։ Պարզվում է, որ ամբոխի հավերժական ապավինումը «բարի ու արդար թագավորին», որն, իբր, տեղյակ չէ, թե ինչեր է անում իր շքախումբը, իսկ երբ իմանա, անմիջապես կվերականգնի արդարությունը, չափազանց կենսունակ է, այդ թվում՝ հասարակության այն հատվածի միջավայրում, որը կարծես թե կիրթ ու գիտակից է համարվում։

Համենայնդեպս հենց այդ մասին են վկայում բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի հայտարարությունները. «Մենք ուզում ենք արտահայտել մեր դժգոհությունը և առաջարկներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք ուզում ենք, որ նա տեղյակ լինի, թե ինչ է կատարվում»։ Ինչպե՞ս մեկնաբանել տիկին Հարությունյանի այս խոսքերը, որը մինչ օրս սրբորեն հավատում է նրան, ով հասցրել է հայոց պետականությունն անդունդի եզրին և կանգնեցրել հայ ժողովրդին նոր ցեղասպանության իրական վտանգի առջև:

Խնդիրն, իհարկե, վերաբերում է ոչ միայն բրյուսովցիներին։ Վերջին ամիսներին քիչ չեն եղել բողոքի ակցիաները. վարորդները, խաղողագործները, առևտրականները դիմել են հրապարակային տարբեր քայլերի՝ իրենց զուտ մասնագիտական ու նեղ խնդիրների նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար։ Սակայն բուհերի միավորման դեպքը տարբերվում է նրանով, որ այս անգամ բողոքի ցույցերի են դուրս եկել բնակչության բնավ ոչ, կոպիտ ասած՝ անկիրթ խավերի ներկայացուցիչները, և ոչ էլ գյուղացիները. խոսքը Հայաստանի ամենահին ու հայտնի բուհերից մեկի ուսանողների և դասախոսների մասին է, նրանց մասին, ում ընդունված է համարել հասարակության ինտելեկտուալ շերտ։

Բողոքի դեպքերից յուրաքանչյուրի պարագայում իշխանություններին հաջողվել է ինչ-որ ելք գտնել իրավիճակից. նրանք սովորության համաձայն ստել են, խոստացել ամեն-ամեն ինչ կարգավորել, ձևացրել, թե մտահոգ են ու կօգնեն, մի խոսքով՝ կարողացել են ինչ-որ կերպ ժամանակավորապես բթացնել խնդրի սրությունը... Կասկած չկա, որ բուհերի միաձուլման հարցում էլ ինչ-որ լուծում կգտնվի, միգուցե Փաշինյանը արդարացնի համալսարանի ղեկավարության ապավինումն իր անձին և հանդես գա այդ «բարի թագավորի» դերում՝ հրամայելով իր հաճկատարներին որոշ ժամանակով մի կողմ դնել նախագիծը։

Բայց այդ ամենը ոչ մի կերպ չի լուծում մեր ընդհանուր գլոբալ խնդիրը. այն խնդիրը, որի վրա ուսանողները թափ տվեցին ձեռքը, ինչպես նյարդայնացնող ճանճի, երբ քաղաքականապես ակտիվ իրենց հասակակիցները կոչ էին անում «զարթնել» և գիտակցել երկրին սպառնացող վտանգը։ Եվ երբ իրենց համալսարանը մի որոշ ժամանակով հանգիստ թողնեն, նրանք, ասես ոչինչ չեն պատահել, և նույնիսկ ցնծալով, որ «հասել են արդարության», կվերադառնան նախկին անհոգ ուսանողական կյանքին։ Բայց այդպես էլ չեն հասկանա գլխավորը. կորցնելով գլուխը, մազերի դարդը չեն լացում։ Իրենց համալսարանի «ինքնիշխանությունը» փրկելը՝ անտարբեր մնալով Հայրենիքի կորստի նկատմամբ, մահացու վտանգավոր է իրենց իսկ և մեր ընդհանուր ապագայի համար։