Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄԷ-ի պատվիրակությանը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։ ԱՄԷ պատվիրակությունը գլխավորում էր Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը։

Վեհափառը հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամական հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահը ևս հատուկ ընդգծել է, որ հայ-արաբական կապերն ամուր են՝ դարավոր բարեկամությանը համահունչ։

«Հայոց Հայրապետը նաև անդրադարձ կատարեց Հայաստանի հետպատերազմյան ծանր ու դժվարին իրավիճակին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր զորեղ հավատքի շնորհիվ և բարեկամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային արժեքների ոչնչացման և յուրացման խնդիրը։

Sputnik Արմենիա