Հայկ ԴԵՐԶՅԱՆ․ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱԳԵՏ ԿԱՅԾ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ի պատասխան Ֆրանսիայում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանի հայտարարություններին։ Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի, նաև Արցախի իշխանությունները պետք է շեշտը դնեն նրա վրա, որ կարողանան ապացուցել, որ Ադրբեջանը ռասիստ, ֆաշիստ, ահաբեկիչ պետություն է:

Չգիտեմ, թե որքանով է պարոն Մինասյանը տեղյակ, որ աշխարհի տարբեր վեկտորների ընդունարանների մուտքի մոտ dictator control սարքավորում չկա, որ որևէ մեկին թույլ չտան ներս մտնել, կամ պիտակավորել: Ադրբեջանը և Թուրքիան բազմիցս հայտարարել են, որ կարևոր դեր են խաղում և խաղալու Եվրոպայի գազամատակարարման հարցում: Ի՞նչ կարող է տալ այս իրավիճակում Հայաստանը աշխարհին, որպեսզի հակակշռի էներգակիրներին: Պատասխանը կարծում եմ ակնհայտ է: Քաղաքագետը առնվազն չպետք է պոպուլիզմի և սին հույսերի դաշտ մտնի, ինչը ցավոք արել է պարոն Մինասյանը:

Քաղաքագետը հնչեցնում է նաև նման միտք.

«Լևոնից մինչև Սերժ ծախեցին ՀՀ անկախությունը Ռուսաստանին, հիմա մենք պետք է կարողանանք աշխատել բոլոր կողմերի հետ, չպետք է խոսենք աշխարհաքաղաքական ընտրության մասին»:

Ի՞նչ է իրենից ենթադրում այդ արտահայտությունը: Ոչ մի փաստ, բացի անձնական էմոցիոնալ անպատասխանտու խոսքերից:

Եթե խոսքը տնտեսական դաշտին է վերաբերում, ապա Հայաստանը շատ ակտիվ աշխատում էր հյուսիսի և արևմուտքի հետ և բնական է, որ տնտեսական համագործակցության վեկտորը առաջին հերթին կապված է ոչ թե սեփական ցանկությունների, այլ ունեցած հնարավորությունների, աշխարհագրական դիրքի, ներուժի և բազմաթիվ այլ գործոնների առկայությամբ:

Եթե խոսքը ռազմական համագործակցությանն է վերաբերում, ապա Հայաստանը երկար տարիների ընթացքում ստացել է նաև անվճար զինամթերք, իսկ որոշ դեպքերում նաև հասանելի գնով զինտեխնիկա: Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության միություններին, ապա որքան էլ մեր ունեցածը մեզ չբավարարի, այլ տեղ մեղրով քսած չէ և ունի իր գինը, որը ժամանակին վճարել են այլ պետություններ: Որպես օրինակ պետք է բերել Վրաստանը, որի ներկայիս իշխանությունները, չնայած իրենց ժողովրդի ունեցած ճնշումներին, խիստ զգուշավոր են ռուս-ուկրաինական կոնֆլիկտում: Սեփական սխալների վրա չսովորելով հանդերձ վատ չէր լինի այլոց սխալները չկրկնել:

Ի հեճուկս Կայծ Մինասյանի, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունն ընդհակառակը, ամրացրել է ՀՀ ինքնիշխանության մակարդակը և հավասարակշռել է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները: Դրա համար մեծ ջանքեր էին հարկավոր: Կայծի բերած Նիկոլները, որպես ներդրված թշնամական ական` պայթեցրել են հայկական ամրացող պետականությունը և դրանից հետո պատասխանատվությունը բարդել նախկինների վրա, առնվազն լուրջ չէ:

Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում բնակվող քաղաքագետի հարցազրույցը ավելի շատ պոպուլիզմի, իշխանության թեզերը առաջ տանելու և սին դասագրքային հույսեր ձևավորելու մասին էր, որը պրակտիկ դաշտում այնքանով է արդյունավետ, որքանով ատամի չոփը գլադիատորական մարտերում:

Հայկ Դերզյան, ֆեյսբուքյան էջ