«Հրապարակ». ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԴԻՄԵԼ ՍԴ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ այժմ փորձագետները կազմում են ՍԴ դիմումը, առաջիկա օրերին այն պատրաստ կլինի, որից հետո երկու խմբակցությունները դա կներկայացնեն ՍԴ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ԱԺ-ն 65 ձայնով ԿԸՀ նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին, ով նույնպես մասնակցեց այդ ընտրությանը, ինչն օրենքով արգելվում է։ Բանն այն է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Հովակիմյանին նվազագույնը 65 ձայն էր պետք, այսինքն՝ եթե Հովակիմյանը չմասնակցեր, ապա անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէր ստանա։ Իշխող ՔՊ խմբակցությունը 71 պատգամավոր ունի, սակայն ընտրության օրն ԱԺ-ում ներկա էր 65-ը»։